«Իմ քայլը» հիմնադրամի հաշվեհամարին գործունեության վեց ամսում փոխանցվել է 859 միլիոն 22 հազար դրամ, որից ծախսվել է 236 միլիոն դրամը:
Լրագրողների հետ զրույցում, ամփոփելով հիմնադրամի գործունեությունը, այս մասին ասաց ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը:
Նրա խոսքով՝ «Իմ քայլը» հիմնադրամի բյուջեից դրամահավաքի նպատակով գործուղումների համար ծախսվել է 4 միլիոն 472 հազար դրամ, որից մեկ գործուղման արդյունքում հավաքագրվել է 97 միլիոն 440 հազար, մյուսի արդյունքում ՝ 75 միլիոն դրամ:
«Հիմնադրամն ունի 11 աշխատակից, սակայն գործունեությունը ծավալում է վարձակալած տարածքում: Մենք այս փուլում փորձում ենք հարմար տարածք գտնել: Պետք է նշեմ, որ այս ընթացքում ոչ մի գույք ձեռք չենք բերել»,- ասաց Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ հիմնադրամը պետությանը 3 միլիոն դրամի հարկ է վճարել:
Աննա Հակոբյանը նշեց, որ հիմնադրամին ամենամեծ նվիրատվությունը եղել է 241 միլիոն դրամ՝ Մեղրու մանկապարտեզի հիմնանորոգման նպատակով, ամենափոքր նվիրատվությունը՝ 1000 դրամ՝ անհատ քաղաքացու կողմից:
Անդրադառնալով «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հինգ ամսվա գործունեությանը՝ վարչապետի տիկինն ասաց, որ հիմնադրամի հաշվեհամարին մուտք է արվել 264 միլիոն դրամ: Ամենախոշոր ներդրումը 51 միլիոն դրամ է եղել, ամենափոքրը՝ 1000 դրամ:
«Հիմնադրամն ունի 100-ից ավելի շահառու երեխա: Գիտենք, որ այն ծածկում է քաղցկեղով հիվանդ երեխաների ծախսերը: Այս ընթացքում ծախսվել է 70 միլիոն դրամ՝ դեղորայքի, վիրահատական սարքերի ձեռք բերման, վիրահատությունների, սննդի և այլ ծախսերի վրա: Հիմնադրամը 10-ից ավելի միջոցառում է կազմակերպվել»,- հավելեց Հակոբյանը: