Առաջիկայում Քննչական կոմիտեն կվերանայի հինգ աղմկահարույց քրեական գործ՝ բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերով:
Վկայակոչելով Հայաստանի Հանրապետության կառավարության ֆեյսբուքյան էջը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր մոտ է հրավիրել որդեկորույս մայրերին և խոստացել միջնորդել, որպեսզի իրավապահ մարմինները լրացուցիչ զբաղվեն այդ գործերով:
Այդ կապակցությամբ Քննչական կոմիտեն և 10 իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ օրերս համաձայնագիր են կնքել:
Ստեղծվել է հասարակական մոնիթորինգի խումբ, որը կուսումնասիրի բանակում խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների մահվան քրեական գործերը: Այն գործերը, որոնք հանրության շրջանում կասկածներ են հարուցել, որոնց պաշտոնական վարկածները տուժող կողմի ներկայացուցիչները տարիներ շարունակ համարել են կողմնակալ ու կասկածելի:
«Սա առաջին անգամ է, որ նման ձևաչափով գործունեություն է իրականացվում , և մենք ևս մեկ անգամ ուզում ենք փաստել, որ Քննչական կոմիտեն բաց է համագործակցության համար: Մեզ համար շատ կարևոր է հասարակական վերահսկողությունը, և վստահ ենք, որ այն աշխատանքը, որ համատեղ կատարելու ենք հասարակական կազմակերպությունների հետ մեկտեղ, տալու է իր դրական արդյունքները»,- ասել է Զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանը:
Առաջիկայում կվերանայվեն աղմկահարույց 5 քրեական գործեր, որոնք ընտրվել են համագործակցող ՀԿ-ների կողմից:
Հնգյակում Վալերիյ Մուրադյանի, Տիգրան Օհանջանյանի, Արման Հակոբյանի, Անդրանիկ Սիլակյանի գործերն են, ինչպես նաև Մատաղիսի հայտնի գործը, երբ երկու զինծառայողի կյանք խլած հանցագործն այդպես էլ չհայտնաբերվեց:
«Աշխատանքային խմբի գործունեությունը միտված է նրան, որպեսզի ի հայտ բերվեն, եթե այդպիսիք կան, թերությունները, որոնք տեղ են գտել քրգործերի նախաքննության ընթացքում: Եթե փաստվի որևիցե խախտում կամ հանցագործության դեպք, որոնք տեղ են գտել քրեական գործերի նախաքննության ընթացքում, ապա պատասխանատվությունը կլինի անխուսափելի»,- նշել է Արտակ Կրկյաշարյանը:
Աշխատանքային ընթացակարգի պահանջով ամսական առնվազն մեկ անգամ համատեղ նիստ կգումարվի, հնարավոր են նաև արտահերթ նիստեր: Աշխատանքային խմբում ընդգրկված է նաև զինվորական քննչական գլխավոր վարչության ղեկավար կազմը:
Հարկ եղած դեպքում քննիչները կներկայանան պարզաբանումներ տալու:
Ճի՞շտ էին կասկածները տարբեր տարիների վաղեմության քրեական գործերի առնչությամբ, հաստատվելո՞ւ, թե փարատվելու են տուժողների, հարազատների առաջ քաշած վարկածները. Արտակ Կրկյաշարյանը վստահեցնում է` գործերը կուսումնասիրվեն ողջամիտ ժամկետներում, այդ ժամանակ էլ պարզ կլինի:
Առաջին հինգ գործերի լրացուցիչ քննությունից հետո հերթով անդրադարձ կկատարվի կասեցված կամ կարճված այլ գործերի, որոնց քննության ընթացքի անաչառությանը նույնպես հանրությունը ու տուժողների ներկայացուցիչները չեն վստահում: