ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը երեկ լրագրողներին հայտարարեց, որ ինքը Ռոբերտ Քոչարյանի ու նրա ընտանիքի դեմ որևէ անձնական խնդիր չունի։ Սրանով Վանեցյանը կարծես ուզում էր բարեկամաբար հասկացնել Քոչարյաններին, որ ինքը մեղք չունի, որ ստիպված է իրենց դեմ դուրս եկել՝ թերևս ակնկալելով, որ նրանք էլ իր դեմ դուրս չեն գա։ Համենայնդեպս, այդպիսի տպավորություն ստացանք նրա խոսքերից․ «Ժողովուրդ ջան, ես խնդրում եմ, մի սևեռեք հարցը Քոչարյանների ընտանիք և այլն, և այլն։ Ես Քոչարյանների ընտանիքի դեմ որևէ անձնական խնդիր չունեմ։ Քոչարյանների ընտանիքը որևէ ինչ-որ տենց բան չեն արել անձամբ ինձ։ Ռոբերտ Քոչարյանը եղել է ՀՀ երկրորդ նախագահը, ունեցել է իր գործունեության ընթացքում, իհարկե, շատ նաև դրական գործեր, ներդրում է ունեցել, եղել է Արցախի Հանրապետության առաջին նախագահը, և ես՝ որպես սպա, որպես ԱԱԾ ծառայող, որը նաև ծառայել է այդ տարիներին, ես չեմ կարող որևէ անձնական կամ ինչ-որ այլ-այլ բաներով խնդիրներ ունենալ այդ ընտանիքի հետ»։
Նրան մի քանի հարց ուղղեցինք․
– Պարոն Վանեցյան, երբ ասում եք, որ Դուք Քոչարյանների ընտանիքի դեմ որևէ անձնական բան չունեք, կարո՞ղ է դրանով ինչ-որ մեսիջ եք հղում, փորձում եք հասկացնել, որ, «տղերք, ես ձեր դեմ բան չունեմ, ստիպված եմ անում կամ հանգամանքների բերումով եմ անում»։
– Ստիպված չեմ, ոչ էլ հանգամանքների բերումով է, բայց, այո, ես անձնական խնդիր իրենց հետ չունեմ։ Եվ ոչ թե դա մեսիջ եմ հղում, այլ, ընդհանրապես, բոլորին ասում եմ, որ եթե մենք կատարում ենք օրենքով վերապահված մեր լիազորությունները և բացահայտում ենք որոշակի գործեր, դա չի նշանակում, որ որևէ մեկի հետ անձնական խնդիր ունենք։ Մեր աշխատանքն էնպես է, որ մենք կարագ ու մեղր չենք բաժանում։ Մեր ցանկացած գործը ինչ-որ մարդու ցավացնում է։ Եվ մենք պետք է անենք էդ գործը։ Դա մեր գործն է։ Ես բժիշկ չեմ, ուսուցիչ չեմ, որ իմ աշխատանքից բոլորը գոհ լինեն։ Մի մասը գոհ է լինում, մի մասը դժգոհ է լինում։
– Կարող է Ձեր աշխատանքը թշնամանք սերմանել ոմանց մեջ, և Ձեր այս խոսքերը գուցե դրա՞ն էին ուղղված, որ մի՛ թշնամացեք իմ դեմ։
– Ոչ թե իմ դեմ չթշնամանան, ես խնդիր չունեմ, ես ոչ մեկին երբեք նենց բան չեմ արել, որ իմ դեմ որևէ մեկը թշնամանա։ Ես կատարում եմ օրենքով ինձ վերապահված իմ լիազորությունները։ Եվ էլի ևս մեկ անգամ ուզում եմ կրկնել՝ այո, ես անձնական որևէ հարց չունեմ թե՛ Քոչարյանների, թե՛ այլ անձանց հետ։
– Քոչարյանների կողմից վտանգ զգո՞ւմ եք։
– Ոչ, Քոչարյանների կողմից վտանգ չեմ զգում, որովհետև իրենք նորմալ մարդիկ են, քաղաքակիրթ մարդիկ են, և օրենքի շրջանակներում․․․ եթե վտանգ զգային, ոչ թե ինձ դատի կտային, այլ կփորձեին այլ ճանապարհներով վրեժխնդիր լինել։
Ամբողջությամբ՝ hraparak.am