«Ծիրանի» ռեստորանի հարևանությամբ գտնվող դաշտում հայտնաբերվել է կրակոցներից սպանված տղամարդու դի. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ծիրանի» ռեստորանի հարևանությամբ գտնվող դաշտում հայտնաբերվել է կրակոցներից սպանված տղամարդու դի. shamshyan.com

Փետրվարի 24-ին, հրազենի օգտագործմամբ սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Ջրվեժ ավտոճանապարհի «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող դաշտում տղամարդու դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Դավիթ Սարգսյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Ղազարյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանը, և նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի մեծ թվով քննիչներ:

Տեղում են նաև փորձաքրեագետներն ու դատական բժիշկը: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, մահացածի մարմնի վրա կա հրազենային 2 վնասվածք: Տեղում Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մ. Վարդանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որում ներգրավված են մի քանի քննիչ, ինչպես Կոտայքի մարզային քննչական վարչությունից, այնպես էլ Աբովյանի քննչական բաժնից: Ժամանել է նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության խումբը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածի մարմինն ամբողջությամբ դաջված է քրեական աշխարհի խորհրդանիշներով, ութանկյուններով (восьмиконечник): Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com