Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ռուսաստանը բացառիկ է, բայց միայն իր ամենատաղանդավոր ու լուսավոր մարդկանց կուլ տալու ու ոչնչացնելու տեսանկյունից։
Այսօր Բորիս Նեմցովի հիշատակի երթը նայելիս ինքս ինձ հենց այդ մտքի վրա բռնացրեցի։ Հա՛, իսկապես Ռուսաստանը բացառիկ է։ Վերջին 300 տարիներին ոչ մի ուրիշ պետություն այդքան չի տանջել ու հալածել իր քաղաքացիներին, որքան Ռուսաստանը։
Մեծ Բրիտանիան, Գերմանիան ու Ֆրանսիան սոսկալի հանցագործություններ են գործել ուրիշ ազգերի ու պետությունների դեմ, իսկ Ռուսաստանն առաջին հերթին հենց ինքն իր առաջ է մեղավոր ու հանցագործ։
Այն օժտված է ինքնաոչնչանալու ու նորից վերածնվելու բացառիկ բնազդով։ Բնազդ, որի ներգործության ճանապարհին միլիոնավոր մարդիկ են տառապել ու սպանվել՝ դեկաբրիստներից մինչև քաղաքացիական պատերազմ ու գուլագներ, ճորտատիրությունից մինչև կոլեկտիվացում ու 1990-ականների մասնավորեցում։
Երևի թե հենց այս հանգամանքներն են Ռուսաստանին հետաքրքիր դարձնում: Այն ոչ մի րոպե չընդհատվող ողբերգություն է, մարդկային հառաչանքից ու գոռոցներից խլացված ողբերգություն։
Բորիս Նեմցովի ողբերգական սպանությունից հինգ տարի է անցել, բայց սոսկալի հանցագործությունը դեռևս մնում է չբացահայտված։ Միջադեպից ընդամենը մի քանի օր առաջ Նեմցովը զգուշացնում էր, որ ցարերի գահին բազմած չեկիստը իրեն սպանելու է։
Ռուսաստանը երբեք չի մարսելու այս հանցագործությունը, նույնիսկ եթե տասը կամ էլ քսան տարի անցնի, միևնույն է, չի մարսելու։ Ինչպես-որ չմարսեց դեկաբրիստներին կախաղան բարձրացնելը, Ալեքսանդր 2-ի եղերական սպանությունն ու 1905-ին սեփական ժողովրդի վրա կրակելը։ 1917-ը եկավ ու ջնջեց այդ բոլոր հանցագործությունների հետքերը։ Ճորտատիրությունից նոր-նոր ազատագրված մարդիկ փշրեցին ու հողին հավասարեցրին ինքնակալության նույնիսկ ամենավերջին քարը։
Գրեթե նույն սցենարը կանխատեսվում է նաև ապագայում։ Եթե Ռուսաստանը չհրաժարվի իր կայսերականությունից ու փտած բյուզանդականությունից, եթե շարունակի հալածել ու սպանել ընդդիմադիրներին, եթե շարունակի ագրեսիան Ուկրաինայի ու հարևան մյուս պետությունների նկատմամբ, ապա աղետ է սպասվում, վերահաս աղետ։ Ու ցավոք սրտի դրա արդյունքում նորից տուժելու են խաղաղ մարդիկ՝ ամեն ինչ տեսած, բայց ոչինչ չսովորած ռուսաստանցիները։
Նեմցովը Ռուսաստանի պատմության ամենալուսավոր անհատականություններից մեկն էր, ու նրա չեզոքացումը չի կարող հենց այդպես անցնել ու մոռացվել։ Դա մեկ մարդու դեմ կազմակերպված ոտնձգություն չէր, այլ բռնություն մի ամբողջ պետություն դեմ, ապտակ, որն ուղղված էր ռուս ժողովրդին։
Ինչպես այսօրվա երթի ժամանակ էին վանկարկում․ Россия будет свободной».