Մոսկվայում գործող միակ պետական հայկական դպրոցը փակման վտանգի առաջ է կանգնել:
Դպրոցի ուսուցչական կազմն արդեն իսկ դիմել է Ռուսաստանի հայերի միությանը, հայկական մի շարք կազմակերպությունների: Դպրոցի խորհրդի կառավարիչ Իրինա Ռուբանովան հայտնել է, որ դպրոցը բյուջետային է, պետական, երեխաներն այնտեղ հաճախում են անվճար: Հիմա այնտեղ նոր համակարգ է գործում՝ դպրոցը ֆինանսավորվում է՝ կախված երեխաների թվից: Դպրոցը գտնվում է Մոսկվայի հենց սրտում՝ Կարմիր հրապարակի մոտ:
Ռուսաստանի ռազմավարական զարգացման գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ այս հարցով իրեն դիմել են և արդեն երկուշաբթի կամ երեքշաբթի օրը կայցելեն դպրոց՝ ծանոթանալու ընդհանուր իրավիճակին ու խնդիրներին: «Կարծում եմ՝ պատճառը ֆինանսական է, ոչ թե դիտավորյալ է փակվում հայկական դպրոցը, ինչպես փորձում են ներկայացնել: Ես պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ մեր անունից անձամբ դիմելու եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հարցը լուծելու խնդրանքով»,- նշեց Նիկողոսյանը:
Նրա խոսքով՝ ինքը հայաստանում 100-ից ավելի ռուսական ուսուցման կենտրոններ է հիմնադրել և չի կարծում, որ մեկ հայկական դպրոցը փրկելը կարող է խնդիր լինել. «Չեմ կարծում, որ նախագահ Պուտինը կմերժի մեզ: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի հայկական դպրոցը չփակվի»:
Դպրոցի ճակատագիրը պետք է որոշվի մինչև 2017թ.-ի հունվարի 1-ը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: