Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամն» աջակցում է Հայաստանում կանանց ու երիտասարդների հզորացման ծրագրին
Advertisement 1000 x 90

Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամն» աջակցում է Հայաստանում կանանց ու երիտասարդների հզորացման ծրագրին

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության ու «ՕքսԵՋեն» հիմնադրամի հետ գործընկերությամբ եւ Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ, ազդարարեցին «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի մեկնարկը։

Ինչպես հայտնեցին ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակից, ծրագրի նպատակն է ուժեղացնել կանանց դերը հայաստանյան հասարակության մեջ, որոշումներ կայացնող մարմիններում, ինչպես նաեւ նպաստել երիտասարդների ներգրավմանը տեղական կառավարման ու զարգացման գործընթացներում՝ զարգացնելով առկա կարողությունները եւ ընդլայնելով վերջին տարիների ընթացքում ձեռքբերված արդյունքները։

Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը եւ «ՕքսԵՋեն» հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը ողջունեցին միջոցառման մասնակիցներին, որոնց թվում էին կառավարության, համայնքապետարանների, դիվանագիտական համայնքի, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, խորհրդարանի անդամներ, ինչպես նաեւ փորձագետներ, կին եւ երիտասարդ առաջնորդներ։

Դեսպան Ֆարնուորթը նշեց. «Վերջիվերջո՝ այս ծրագիրը կանանց համար է։ Այն կաշխատի կանանց հետ՝ խթանելու նրանց քաղաքական հզորացումը, երիտասարդների առաջնորդող դերը, ներառական տեղական ինքնակառավարումը, հանրային իրազեկվածությունն ու շահերի պաշտպանությունը։ Միացյալ Թագավորության կառավարությունն այս նախաձեռնությանն աջակցում է «Լավ կառավարման հիմնադրամի» միջոցով, որը ֆինանսական ու փորձագիտական օժանդակություն է տրամադրում երկրների մի ընտրովի խմբի, որոնք ստանձնել են կառավարման եւ տնտեսական ոլորտների բարեփոխումների իրականացման հանձնառություն՝ ի շահ բնակչության։ Ես վստահ եմ, որ ՄԱԶԾ-ն եւ «ՕքսԵՋեն»-ը կարձանագրեն գերազանց արդյունքներ»։

«Հայաստանում կանանց եւ երիտասարդների շրջանում գոյություն ունի հսկայական ներուժ, սակայն նրանց տաղանդները եւ հմտությունները հաճախ լիարժեք չեն օգտագործվում, եւ նրանց մասնակցությունն ու ներկայացվածությունը տեղական մակարդակում որոշումների կայացման գործընթացներում ցածր է։ Մեր գործընկերների հետ համատեղ՝ ՄԱԶԾ-ն կաջակցի կանանց եւ երիտասարդների հզորացմանն ուղղված բարեփոխումներին, ինչպես նաեւ տեղական մակարդակում որոշումների կայացման գործընթացներում նրանց ներգրավմանն ուղղված նորարարական մոդելներին», – իր խոսքում նշեց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը։

Տեղական մակարդակում քաղաքական գործընթացներին կանանց մասնակցության վերաբերյալ համապարփակ հետազոտության անցկացումից հետո՝ ծրագրի կողմից կստեղծվի դասընթացավարների/համայնքային համախմբողների խումբ, որը կվերապատրաստի ու խորհրդատվություն կտրամադրի տարբեր ոլորտներ ներկայացնող եւ կրթություն ունեցող կին ու երիտասարդ ակտիվ առաջնորդների, որոնք հետաքրքրված են տեղական մակարդակում քաղաքական գործընթացներով։ Արդյունքում կստեղծվի կանանց ու երիտասարդների մի ընդարձակ ցանց, որը պատրաստ ու կարող կլինի իր նպաստը բերել համայնքային եւ համապետական զարգացման գործընթացներին։

Հանրային իրազեկման քարոզարշավների միջոցով ծրագիրը կաջակցի քաղաքական կյանքին կանանց ու երիտասարդների մասնակցության թեմայով բանավեճերի անցկացմանը, ինչպես նաեւ նրանց կներգրավի քաղաքականությունների մշակման շուրջ երկխոսության մեջ՝ քաղաքացիների մասնակցության տարբեր նորարարական մոդելների մշակման ու փորձարկման միջոցով։

Շնորհանդեսի ընթացքում կին եւ երիտասարդ առաջնորդներն ու փորձագետները քննարկեցին Հայաստանում տեղական ու ազգային մակարդակներում կանանց ողջ ներուժի իրացման առանցքային խոչընդոտները, տեղական մակարդակում քաղաքական գործունեությունում կանանց ու երիտասարդների ներգրավման մարտահրավերներն ու հնարավորությունները, ինչպես նաեւ այն մեխանիզմներն ու քաղաքականությունները, որոնք կարգավորում են տեղական մակարդակում քաղաքական կյանքին նրանց մասնակցությունը։