Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում Սուրբ Ղևոնդյաց տոնը հոգևորաց դասի տոնն է: Ուստի Սբ. Ղևոնդյաց բարեխոսությամբ, հայցենք Տիրոջից, որ Նրա հզոր Աջը պահապան ու զորավիգ լինի Քրիստոսի եկեղեցուն զինվորագրված մեր հոգևոր սպասավորներին:
Շնորհավորում ենք Ձեզ, Տիրոջ մշակնե՛ր, Ձեր անմնացորդ ծառայության և նվիրման համար՝ ուղղված հայ ազգի հոգևոր և բարոյական աշխարհի շինությանն ու հարստացմանը: Աստծո շնորհի և կոչման համաձայն՝ անցնում եք ուխտի մի ճանապարհ, որ անցավորից տանում է դեպի հավիտենականություն՝ դեպի Աստված:
«Ինչպես որ Հայրն Ինձ ուղարկեց, այնպես էլ Ես ձեզ եմ ուղարկում». Տիրավանդ այս առաքելությանը հավատարիմ՝ սերմանում եք և մշակում Ձեզ վստահված «հոգևոր անդաստաններում»: Աստվածապարգև Ձեր շնորհներով՝ որպես լեռներից բխող զուլալ աղբյուրներով, հագեցնում և ծաղկեցնում եք «պապակված հովիտներն ու դաշտերը»: Սբ. Ղևոնդյաց ոգով ներշնչված՝ հոգևոր պատերազմում որպես առաջնային մարտիկներ պաշտպանում և հսկում եք Ձեզ հանձնված հոտը: Որպես հոգիների ուսուցիչներ՝ ուսանում և ուսուցանում եք՝ հարստանալով կյանքի ճշմարտության Ակունքից:
Այս տոնի առթիվ մեր աղոթքն է առ Աստված, որ Հայոց երկրի Սուրբ տաճարներից ներս Սուրբ Խորանների առջև մշտապես հնչեն Քրիստոսի ներկայությունը խորհրդանշող պատարագիչ քահանաների բարեխոսական աղոթքները հանուն մեր զինվորյալ եկեղեցու: Եվ Տիրոջ օրհնությամբ թող եռապատկվեն Սբ. Ղևոնդյաց հետնորդներիդ անձնվեր ծառայության պտուղները, և Հայոց Սուրբ երկիրն ապրի այն երանությունը, որ նկարագրել է սաղմոսերգուն. «Երանի այն ժողովրդին, որը գիտակցում է Քո օրհնությունը, Տե՛ր, նա Քո երեսի լույսով պիտի ընթանա: Նա Քո անվամբ պիտի ցնծա գիշեր-ցերեկ, ու Քո արդարությամբ բարձր պիտի լինի: Դու ես պարծանքը մեր զորության, և մեր եղջյուրը Քո կամքով պիտի բարձրանա» (Սաղմոս 88:16-18):
Կարինե Սուգիկյան