Մտնում ենք CEPA-ի իրականացման նոր` առարկայական, ամենօրյա աշխատանք պահանջող փուլ
Advertisement 1000 x 90

Մտնում ենք CEPA-ի իրականացման նոր` առարկայական, ամենօրյա աշխատանք պահանջող փուլ

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը:

«Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակներում շատ դինամիկ երկխոսություն է սկսվել կողմերի միջև, ինչը շատ հուսադրող է»,- այսօր Երևանում հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ նշելով, որ մինչև մարտի վերջ պատրաստ կլինի Հայաստանի ճանապարհային քարտեզի վերջնական տարբերակը: Դեսպանը կարևորել է, որպեսզի այդ ճանապարհային քարտեզի վերաբերյալ կողմերը հաստատուն համաձայնություն ունենան նախքան գործընկերության հանձնաժողովի նիստը:

Հայաստանում Եվրամիության դեսպանի այսօրվա հայտարարությունները պետք է համարել դրական ազդակ մեր եվրոպացի գործընկերների կողմից։ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո Համապարփակ գործընկերության համաձայնագրի իրագործման հետ կապված օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով առկա որոշակի պասիվությունը կարելի է հաղթահարված համարել։ Հիմա մենք մեր եվրոպացի գործընկերների հետ մտնում ենք համաձայնագրի իրականացման նոր՝ առարկայական, ամենօրյա աշխատանք պահանջող փուլ, որում անելիք ունենք բոլորս՝ գործադիր իշխանությունը՝ առաջին հերթին, բայց նաև օրենսդիրներս ու քաղաքական գործիչներս։
Եվրամիության հետ Համապարփակ գործընկերության համաձայնագիրը լայն հնարավորություններ է պարունակում Հայաստանի համար՝ ինչպես քաղաքական, ժողովրդավարական բարեփոխումների, այնպես էլ տնտեսական, ենթակառուցվածքային ծրագրերի ֆինանսավորման առումով։ Այդ համաձայնագիրը որոշակիորեն նաև մեր արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու հնարավորություն տվող գործիք է, որը մենք պարտավոր ենք օգտագործել ամբողջությամբ։

Գործադիր իշխանության մակարդակում գործում է Համապարփակ գործընկերության համաձայնագրի իրագործմամբ զբաղվող միջգերատեսչական աշխատանքային խումբ։ Որպես Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ՝ առաջարկում եմ մեր հանձնաժողովի շրջանակներում ձևավորել Համապարփակ գործընկերության համաձայնագրի իրականացման մշտադիտարկման խումբ, որը կապահովի խորհրդարանական վերահսկողություն միջգերատեսչական խմբի աշխատանքների նկատմամբ։



Նման նյութեր