Հունվարի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, ըստ որի՝ 2018 թվականի երրորդ եռամսյակում օտարերկրյա ներդրումների ծավալներն աճել են 50%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Նա նույն հայտարարությամբ հանդես էր եկել հունվարի 29-ին РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Մենք փորձեցինք պարզել, թե Կենտրոնական բանկի (ԿԲ) 2018 թվականի վճարային հաշվեկշռի որ հոդվածն է նկատի ունեցել Փաշինյանը: Կառավարությունից մեր հարցմանը պատասխանեցին, որ վարչապետը նկատի է ունեցել «զուտ պարտավորություններ» հոդվածի 50% աճը:
«Զուտ պարտավորությունը» վճարային հաշվեկշռի «ուղղակի ներդրումներ» տողի հոդվածներից մեկն է, որը ցույց է տալիս, թե ինչքան պարտավորություն է ստանձնել կառավարությունը կամ ԿԲ-ն ներդրողների առջև: Հետևաբար, այն չի արտացոլում ողջ ներդրումների իրական պատկերը։
Գործնականում ներդրումների արդյունավետությունը գնահատելու համար անհրաժեշտ է ոչ միայն ներհոսքը դիտարկել, այլ զուտ հոսքը, այսինքն՝ ներհոսքի և արտահոսքի տարբերությունը, որն արտացոլված է «ուղղակի ներդրումներ» տողում և որը տևական ժամանակ է, ինչ բացասական է: Հետևաբար, մեր երկրից դուրս եկող ֆինանսական միջոցները գերազանցում են երկիր մտնող ֆինանսական միջոցներին:
Պետք է նկատի ունենալ նաև, որ տնտեսագիտության մեջ ընդունված է ներդրումները համեմատել տարեկան սկզբունքով և ոչ եռամսյակային:
Հավելենք նաև, որ ներդրումների աճի մասին նույն պնդումը կրկնել էր նաև ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը:
Ամբողջությամբ՝ fip.am