Երևանում ավտոտեխսպասարկման կետի հորում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու դի. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երևանում ավտոտեխսպասարկման կետի հորում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու դի. shamshyan.com

Փետրվարի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի փողոցում գործող ավտոտեխսպասարկման կետերից մեկում դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննչական խումբը՝ ավագ քննիչ Տիգրան Հակոբյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջոկատի փրկարարները՝ խմբի պետ Արտյոմ Կարապետյանի գլխավորությամբ: Փրկարարները նշված ավտոտնակի հորից դուրս են բերել դին և տեղում դատաբժիշկը զննելով՝ նախնական եզրակացություն է տվել, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Գայի պողոտայի բնակիչ, 31-ամյա Միքայել Գրիգորյանն էր: Փաստի առթիվ քննիչ Տ. Հակոբյանի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում ՝ դիակի դատաբժշկական: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը այսօր էր դիմել նշված ավտոտեխսպասարկման կետ՝ աշխատելու համար և այսօր փորձաշրջան էր անցնում: Ավտոտնակում հայտնաբերվել է նաև Opel մակնիշի ավտոմեքենա:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com