Փաշինյանն իր խոսքն ասել է, հերթն Ալիևինն է. վարչապետը ծանր դրության մեջ է դրել Ադրբեջանին. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Փաշինյանն իր խոսքն ասել է, հերթն Ալիևինն է. վարչապետը ծանր դրության մեջ է դրել Ադրբեջանին. armeniasputnik.am

Հայաստանում կարծում են, որ միջազգային հանրության և միջնորդների համար ընդունելի է Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը Արցախի հարցում։

Բաքվի հայտարարությունից հետո, թե ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպում է նախապատրաստվում, հայ վերլուծաբանների մոտ մի շարք հարցեր են առաջացել. ինչո՞ւ է այդ հանդիպումը հիմա անհրաժեշտ դարձել, ի՞նչ խնդիրներ են իրենց առաջ դնում կողմերը։

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի կարծիքով` հակամարտության կողմերն այսօր հավատարիմ են նախկին դիրքորոշումներին, և դրանք որևէ էական փոփոխության չեն ենթարկվել։ Այդուհանդերձ նման հանդիպումները միշտ օգտակար են ինչպես լուծումներ գտնելու, այնպես էլ համեմատական անդորրի պահպանման ու լարվածության հավանականությունը նվազեցնելու համար։

«Այս փուլում Հայաստանն ու Արցախն ուզում են, որ Արցախի դե–յուրե կարգավիճակը դե–ֆակտո ամրագրվի։ Խաղաղ կարգավորման դրույթների ամրագրման ընթացքում Հայաստանը պետք է հասնի նրան, որ կարգավորման կետերից մեկը դառնա Արցախի կարգավիճակի միջազգային ճանաչումը։ Միայն դրանից հետո հնարավոր կլինի տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն ապահովել», – կարծում է Մարկարովը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է համապատասխանի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների շահերին։ Փաշինյանը նաև նշել էր, որ նմանատիպ հայտարարություն է սպասում Ադրբեջանի իշխանությունից։ Ադրբեջանը դեռ լռում է։ Վերլուծաբան Մանվել Սարգսյանը կարծում է, որ այդ լռությունը մի բան է վկայում` Ադրբեջանը փակուղում է հայտնվել։

«Ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը շատ հստակ է հայտնել իր դիրքորոշումը։ Սա հաշվի առնելով` հետաքրքիր է, թե առաջնորդներն ինչի մասին են խոսելու, եթե նրանք հանդիպեն»,– ասաց Սարգսյանը։

Վերլուծաբանը կարծում է, որ Փաշինյանն իր հայտարարությամբ բավականին ծանր դրության մեջ է դրել Ադրբեջանի իշխանությանը։ Միջազգային հանրության և միջնորդների համար ընդունել է ՀՀ վարչապետի դիրքորոշումը։ Այժմ խոսելու հերթը Ադրբեջանինն է։

«Եթե Բաքուն չասի, որ լուծումը պետք է համապատասխանի երեք կողմերի շահերին, ապա իրեն ոչ կառուցողական խաղացողի դերում կցուցադրի և ստիպված կլինի պարզաբանումներ տալ միջազգային գործընկերներին։ Իսկ ՀՀ վարչապետի պոստուլատների հետ համաձայնելը նշանակում է հրաժարվել մաքսիմալիստական դիրքորոշումներից։ Ահա այսպիսի երկընտրանքի առաջ է Փաշինյանը կանգնեցրել իր ադրբեջանցի գործընկերոջը»,– ասում է Սարգսյանը։

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների մակարդակով հանդիպում է նախապատրաստվում։ Sputnik Արմենիայի երևանյան աղբյուրը չէր հաստատել պաշտոնական Բաքվի հայտարարությունը։

armeniasputnik.am