Հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանին Ադրբեջանում դատապարտելը խոսում է այն մասին, որ այդ երկիրը կոպիտ ձևով ոտնահարում է միջազգային նորմերը: «Արմենպրես»–ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
«Արդեն որերորդ անգամն է մենք հանդիպում ենք դեպքի, երբ մեզ անհայտ պարագաներում առողջական խնդիրներ ունեցող մարդիկ հայտնվում են Ադրբեջանում: Կարեն Ղազարյանն ունի խնդիրներ՝ կապված հոգեկան առողջության հետ: Նրա գործի հետ կապված Ադրբեջանի գործողությունները խոսում են այն մասին, որ այն ամբողջովին հնարածին է: Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ ոտնահարում է միջազգային հումանիտար իրավունքի նորմերը»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:
Նրա խոսքով, այս ամենն արվում է Արցախում գտնվող՝ մարդասպանության համար դատապարտված անձանց Ադրբեջան վերադարձնելու, հերոսացնելու համար:
«Ինչի մասին է խոսքը, եթե Ադրբեջանի նախագահը բացեիբաց խոսում է այն մասին, որ այսօր ոչ ոք չի հետևում միջազգային նորմերին: Ես կոչ եմ անում Հայաստանի պատկան մարմիններին սկսել այն գործընթացը, որը կոչվում է դատապարտյալի տեղափոխություն: Այսինքն՝ Կարեն Ղազարյանը տեղափոխվի մեր երկիր, որի քաղաքացին է ինքը: Դա պետք է անել օր առաջ»,-ավելացրեց Լարիսա Ալավերդյանը:
ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանն Ադրբեջանում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Դատական նիստը տեղի է ունեցել փետրվարի 27-ին: Ադրբեջանում ՀՀ քաղաքացու նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել այդ երկրի Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ սպանություն, ահաբեկչություն, հասարակական կարգի խախտում և այլն։ Չնայած Կարեն Ղազարյանը քաղաքացիական անձ է, այդուհանդերձ Ադրբեջանում նա ներկայացվել է որպես դիվերսանտ: