Իլոնա Նուրբեկյանը, որն ավելի լայն լսարանին հայտնի դարձավ «Ոսկե դպրոց» հեռուստասերիալից ի սկզբանե շատերին ծանոթ էր որպես Ինստագրամի ակտիվ օգտատեր, որը հաճախ է իր հետևորդների հետ կիսվում գեղեցիկ ու ոճային լուսանկարներով։
«Ոսկե դպրոցի» ավարտից հետո Իլոնան նկարահանվում է «Կօօկօօռօօզ» սքեթչերում։ Tert.am Life-ն Իլոնայի հետ զրուցել է նոր նախագծերի, մոդելային ոլորտում հաջողությունների, նորաձև լինելու բանաձևի և քիչ գումարով ոճային կերպար ստանալու գաղտնիքների մասին։
Իլոնայի խոսքով` այս ընթացքում ստեղծագործական ակտիվ շրջան է՝ առաջարկները շատ են, սակայն դրանց մասին կխոսի միայն քննարկումների փուլն ավարտելուց հետո։ Ամենամոտ նախագիծը «Ոսկե դպրոց» գեղարվեստական ֆիլմն է, որը լիամետրաժ ֆիլմում խաղալու Իլոնայի առաջին փորձն է լինելու։
«Միշտ ավելի մեծ ցանկություն եմ ունեցել նման ֆորմատով ֆիլմում նկարահանվել, քան սիթքոմներում կամ սերիալներում։ Եթե «Ոսկե դպրոց»-ը, որպես գեղարվեստական ֆիլմ, ստացվի այնպես, ինչպես ծրագրել է ստեղծագործական անձնակազմը, վստահաբար շատ մեծ հաջողություն կունենա»,– նկատեց նա։
Իլոնան նկատեց, որ հասարակության արձագանքից չի վախենում, սակայն որոշակի համարձակություն է պետք հրապարակելու համար այնպիսի լուսանկարներ, ինչպիսիք ինքն է հրապարակում. «Չեմ վախենում, որ հասարակությունը կարող է այլ կերպ հասկանալ ինձ։ Այնպես չէ, որ ես արտասովոր հրապարակումներ եմ անում, բայց ամեն մեկը չէ, որ նման լուսանկարներ կհրապարակի։ Ամեն դեպքում իմ պատկերացնումներն ու իմ հայացքները մի քիչ այլ են՝ ավելի համարձակ։ Մարդը պետք է հասնի համարձակության այդ շեմին, որ իմ հրապարակումներն իր համար սովորական լինեն»։
Ամբողջությամբ՝ life.tert.am