Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր լրագրող Վահե Մակարյանը զանգել է ինձ՝ պարզաբանում ստանալու իր ունեցած մի տեղեկության վերաբերյալ, ըստ որի, ոստիկանության 6-րդ վարչությունը ստուգումներ է իրականացրել Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի վարչությունում:
Պատասխանել եմ այն, ինչ կա՝ ոստիկանության վարչությունը քաղաքապետարանում ստուգումներ չի իրականացրել: Նույնը հաստատում եմ հիմա՝ այս օրերին ոստիկանության 6-րդ վարչությունը քաղաքապետարանում ստուգումներ չի իրականացրել:
Մակարյանի զանգից հետո՝ շուրջ մեկ ժամ անց, պաշտոնական տեղեկություն եմ ստացել այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը ուսումնասիրություն է իրականացրել Բուզանդի 1/3 հասցեում, որի արդյունքում հայտնաբերված խախտումներն ուղարկել է ոստիկանություն՝ հետագա քննության:
Տեղեկատվությունը պաշտոնական խողովակով հրապարակելուց առաջ մի քանի անգամ զանգել եմ Վահեին՝ իր ակնկալած տեղեկության վերաբերյալ հավելում անելու համար: Հեռախոսազանգերս անպատասխան են մնացել:
Ուսումնասիրությունների և հայտնաբերած խախտումների մասին լուրը այնուհետև հրապարակել ենք Yerevan.am պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջերում, ինչպես նաև տարածել ենք էլեկտրոնային նամակով: Այսինքն, այն հասու է դարձել բոլոր լրատվամիջոցներին և առհասարակ, հանրությանը:
Դրանից հետո Hraparak.am-ում թողարկվել է Վահե Մակարյանի ստորագրությամբ այս լուրը, որտեղ, ի թիվս այլ մտահանգումների, պնդում է արվում, թե ես, իբր տեղեկություն եմ թաքցրել «Հրապարակից»՝ նույն տեղեկությունը փոխանցելով մեկ այլ լրատվամիջոցի՝ դրանով, իբր, տարբերակում մտցնելով «յուրայինների» և «ոչ յուրայինների» միջև: Ինչպես երևում է բերածս պարզաբանման մեջ, նման բան չի եղել և չէր կարող լինել:
Նաև կրկնում եմ՝ ոստիկանության վարչությունը Երևանի քաղաքապետարանում ստուգումներ չի իրականացրել՝ ոչ Վահե Մակարյանի զանգից առաջ՝ առնվազն մի քանի ամիս, ոչ դրանից հետո:
Մի կողմ թողելով նյութում հրապարակված բազմազան որակումները, խնդրում եմ Hraparak.am-ի խմբագրությանը՝ հաշվի առնել այս պարզաբանումը և համապատասխան հետևություններ անել:
Շարունակելու ենք հավատարիմ մնալ մամուլի հետ բաց ու թափանցիկ աշխատելու մեր սկզբունքին՝ անկախ նրանից, թե որևէ լրատվամիջոց նախկինում ինչ քանակության ապատեղեկատվություն է արտադրել»: