Ֆինանսների նախարարությունը դեռևս 2018 նոյեմբերին օրենքի նախագիծ էր մշակել ըստ որի՝ պատրաստվում էր թանկացնել բոլոր տեսակի գազավորված ըմպելիքների (բացառությամբ հանքային ջրերի) ակցիզային հարկը: «Հայ Կոլա» գործարանի տնօրեն Տիգրան Հովսեփյանը նշում է, որ շահառու կողմերի հետ որևէ քննարկում չի եղել: Ակցիզի հարկի թանկացումից բխելու է նաև ապրանքի թանկացումը՝ 30 %-ով: Եթե նախկինում ընկերությունը 1, 5 լիտր տարողությամբ ըմպելիքը հանձնել է 170 դրամով, ապա ակցիզային հարկի ավելացումից հետո այն կհանձնի մոտ 240 դրամով:
«Եթե մենք մանրածախ և մեծածախ առևտրի կենտրոններին մատակարարենք 240 դրամով, իրենք էլ իրենց մարջանը դնեն ապրանքի վրա, ապրանքի գինը ավտոմատ 30%-ով թանկանում է»:
Ընկերության տնօրենը պնդում է, որ այդ պարագայում ապրանքը շուկայում կդառնա անմրցունակ: Փաստացի սա վնասում է առաջին հերթին սպառողին, այնուհետև ընկերությանը և պետությանը: Գործարանում հաշվարկել են, եթե ապրանքը թանկանա, ապա սպառումը 40% պակասելու է: