ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը վստահեցնում է, որ իրենց ենթակայության տակ գործող ՊՈԱԿ-ների փակման վերաբերյալ որևէ նախագիծ չկա: Այն տեղեկությունները, թե նախագիծը պատրաստ է և առաջիկայում կներկայացվի կառավարության նիստին, չեն համապատասխանում իրականությանը:
«Այս ամբողջ իրավիճակը մի կաթիլ մեղրի կամ փչացած հեռախոսի պատմություն է հիշեցնում: Այն աշխատանքային թուղթը, որի արտահոսքը եղավ, զուտ սևագիր է: Մենք կառավարությունից հանձնարարական ենք ստացել, որ վերլուծություն կատարենք Մշակույթի նախարարության, ինչպես նաև ՊՈԱԿ-ների գործունեության դաշտում: Հասկանալ ՊՈԱԿ-ների առկա վիճակը, օպտիմալացման հնարավորությունները, վեր հանել խնդիրները, առաջարկել լուծումներ: Ի դեպ, ուզում եմ ընդգծել, որ հստակ ասվել է՝ չառաջնորդվել խնայողության, տնտեսման, կրճատումների տրամաբանությամբ, այլ գործել պատասխանատվության համախմբման, գործունեության արդյունավետության բարձրացման հրամայականով»,- «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց Նազենի Ղարիբյանը:
Նա տեղեկացրեց, որ նախարարության մասնագետներն աշխատել են այդ ուղղությամբ, պատրաստել են տեղեկանք և ժամկետների մեջ ուղարկվել է կառավարություն:
«Ուզում եմ նորից ընդգծել, խոսքը զուտ սևագիր առաջին թղթի մասին է: Դա ամենևին չի նշանակում, որ կառավարությունը կարող է այն ընդունելի համարել: Հասկանում եմ, որ տարիներ շարունակ թղթեր եղել են, գնացել են կառավարություն գաղտնի, ընդունվել են ու մարդիկ փաստի առաջ են կանգնել, սակայն ես վստահեցնում եմ՝ մենք գործում ենք թափանցիկ: Եթե անգամ խոսք լինի որևէ ՊՈԱԿ-ի միավորման մասին, ապա դա կլինի այն դեպքում, եթե նախարարությունն ունենա այլընտրանք: Դրա համար մենք զուգահեռ աշխատում ենք օրենսդրական դաշտը կարգավորելու համար»,-ասաց Նազենի Ղարիբյանը:
Նա նշեց, որ պետք է հասկանալ, թե գործունեության որ ձևն է առավելագույնս հարմար ստեղծագործական, կատարողական ՊՈԱԿ-ների, միավորումների համար: Նազենի Ղարիբյանը նշեց, որ ՊՈԱԿ-ների տնօրեններին հրավիրել են ժողովի, որպեսզի այս բոլոր հարցերը քննարկեն: Լրագրողների հարցին, թե ինչու է վերլուծությունը մինչ կառավարությանը ներկայացնելը հանդիպում չի կայացել, Նազենի Ղարիբյանը նշեց, որ այն աշխատանքային թուղթ է, զուտ վերլուծություն է:
«Ինչո՞ւ եմ հանդիպում ՊՈԱԿ-ների տնօրեններին, որովհետև այս փաստաթղթի արտահոսքից հետո այնքան ոչ ճիշտ մեկնաբանություններ եղան, որ ես հասկացա՝ նրանցից շատերը վիրավորված են զգում: Ես պետք է հանդիպեմ, ու միասին քննարկենք բոլոր հարցերը»,-ասաց նա:
Մշակույթի նախարարությունից ՊՈԱԿ-ների գործունեության վերլուծության մասին աշխատանքային փաստաթղթի արտահոսք է եղել: Դրա շուրջ ծավալվեցին խոսակցություններ այն մասին, որ նախարարությունը պատրաստվում է փակել ՊՈԱԿ-ները: