ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը չի մեկնաբանում երեկ Սպահանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, որ չպետք է թույլ տալ, որպեսզի «Հայաստանի Հանրապետությունում գործեն քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան իրենց սեփական երկրի քաղաքացիներ»:
«Ասվել է այնքան, ինչքան ասվել է երեկ՝ հանդիպման ժամանակ։ Եթե վարչապետը նպատակահարմար համարի կոնկրետ անուններ տալ կամ շրջանակներ նշել, նա չի սպասի որևէ հարցի։ Այս պահին այսքանը կարող եմ ասել», – Aysor.am-ի հետ զրույցում ասաց Վլադիմիր Կարապետյանը։
Հիշեցնենք, որ Սպահանում հայ համայնքի հետ երեկ կայացած հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը նաև շեշտել էր, որ «մենք, որպես ժողովուրդ, այլևս թույլ չենք տալու դավադրություններ մեր պետականության նկատմամբ»։
«Թույլ չենք տալու որևէ մեկին մեզ օգտագործել որպես մանրադրամ իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ, թույլ չենք տալու, որ մեր իսկ եղբայրներին օգտագործեն մեր պետությունն ավերելու, քանդելու, թուլացնելու համար: Որովհետև սա հայ ժողովրդի միասնության բացառիկ ժամն է և մենք պետք է վերադառնանք 374 թվական ու թույլ չտանք ամենամեծ դավադրությունը մեր ժողորդի նկատմամբ»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը: