«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Գազալցված, շաքարի և շաքարափոխարինիչների հենքով արտադրված ըմպելիքները վնասում են մարդկանց առողջությանը, ավելի կոնկրետ՝ աղեստամոքսային տրակտին, սրտանոթային համակարգին՝ բերելով նյութափոխանակության խանգարումներ, առաջացնում են գիրացում/ճարպակալում, շաքարախտ: Կարծեմ՝ դա հանրահայտ փաստ է: Եթե սխալվում եմ, թող բժիշկներն ու սննդաբաններն ինձ ուղղեն և այդ արտադրատեսակների վրա ակցիզային հարկի ավելացումը, 1 լիտրն ընդամենը 30 դրամ, լիովին արդարացված է, դեռ մի բան էլ՝ քիչ: Այս հարկատեսակը ոչ միայն ունի կանխարգելիչ նշանակություն՝ նվազեցնելով դրանց սպառումը, այլև դրանից գոյացած գումարները պետք է ուղղվեն առողջապահության ոլորտ՝ աղեստամոքսային և սրտանոթային հիվանդությունների կանխարգելմանն ու բուժմանը: «Հայ-Կոլա»-ի գործադիր տնօրենի գանգատներն առ այն, թե այդ 30 դրամի պատճառով իրենք կփակվեն՝ մանիպուլյացիա է և շանտաժ, որևէ տնտեսագիտական հիմնավորում չունեցող: Այո՛, նրանց արտադրանքի սպառումը կնվազի, բայց հաստատ ոչ 40%-ով, ցավոք: Իսկ բիզնեսմենը հմտությունն էլ հենց կայանում է նրանում, որ ճկուն գտնվեն, արտադրությունը վերապրոֆիլավորեն և քաղաքացիների առողջության համար անվնաս, իսկ ավելի լավ է՝ օգտակար արտադրանք թողարկեն: Բավական է շահույթ ստանալ՝ մարդկանց առողջությունը քայքայելու անպատվաբեր զբաղմունքով: Այս ակցիզը կիրառելի է նույն սկզբունքով, ինչով որ կիրառվում է ծխախոտի արտադրողների վրա: Պետք է նաև սկսել հաշվել, թե ինչ վնաս է բերում տնտեսությանը մարդկանց աշխատունակության անկումը, հիվանդությունները»: