Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«2013-ին Ֆահրադինը պետք էր Ռուսաստանին՝ Ալիևին վախեցնելու համար: Նայեք, թե որտեղ է նա տպագրվել: Սա պատահական կայք չէ, սա կարելի է համարել ռուսական հատուկ ծառայությունների անալիտիկ կայքերից մեկը: Այսօր Ռուսաստանը նրան հանձնում է Ալիևին, ում դեմ խոսացրել է Ֆահրադինին: Իսկ այս կայքի մեծամեծերից ոչ մեկ մի բառ էլ չի ասել՝ ոչ Մոդեստ Կոլերովը, ոչ Տարասովը, ոչ Զատուլինը, ոչ էլ մյուսներ… Այս ելույթը կատաղության էր հասցրել Ալիևին ու Զաքիր Հասանովին ու Ռուսաստանից պարզաբանումներ էին պահանջել»:
Ավելի վաղ արված մեկ այլ գրառման մեջ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան էջում գրել. «Ֆահրադին Աբասովին կամ նույն Ֆահրադին Աբոսզոդային Ռուսաստանը հանձնել է նրան հետախուզում հայտարարած Ալիևին: Մեր դաշնակիցը արել է այն, ինչ մյուս դաշնակից Բելառուսը ժամանակին արեց Ալեքսանդր Լապշինի հետ: Ըստ որում, Ադրբեջանում նրա դեմ հարուցված մեղադրանքներից մեկը վերաբերում է իբրև թե հայկական հատուկ ծառայությունների հետ կապին, իբր թե Հայաստանը նրան Ադրբեջանին դեմ օգտագործում է անջատողականությունը խթանելու համար: Իսկ իրականում…. Եթե որևէ երկրի ծառայություն նրա “անջատողական դիսկուրսն” օգտագործել է Ադրբեջանի դեմ, ապա դա եղել է ռուսականը…. 2012-2013-ին ինչպես Մոսկվան փորձում էր Երևանին տարբեր ճնշումներով ներգրավել Եվրասիական միության մեջ, նույն կերպ աշխատում էին նաև Ադրբեջանի ուղղությամբ: Ու 2013-ին Կոլերովի, Տարասովի ու այլ հայտնի մերձկրեմլյան փորձագետների կողմից Ռուսաստանում և Մոսկվայում կազմակերպված Գյուլիստանի պայմանագրի 200-ամյակին նվիրված հոբելյանան կոնֆերանսների, միջոցառումների պարտադիր հյուրերից մեկը Ֆահրադինն էր: Նա անգամ համարվում էր այդ նույն անձանց կողմից ստեղծված Նորագույն պետությունների ինստիտուտի փորձագետ-հեղինակներից մեկը, ումից ակնկալում էին հաճախ հոդվածներ տպել, զեկույցներ ունենալ իր դիսկուրսով: Այժմ նրան Մոսկվան արտահանձնել է ու նշված հեղինակներից ոչ մեկից դեռ պաշտպանության ձայն չկա: Ահա թե ինչպես են վարվում մեր դաշնակիցները նույնիսկ նրանց հետ, ում դիսկուրսի կարիքը ժամանակին ունեին: Ու Բաքվի տիրակալին հաճայանալու համար Ֆահրադինին զոհաբերելու ու վերջին շրջանում ընդդեմ Հայաստանի ռուս-ադրբեջանական մերձեցումների, հակահայկական հիստերիաների դրսևորումները, որոնց մասնակիցներից են նաև մեր որոշ հայ հայրենակիցներ, ինչ-որ լուրջ բանի մասին է ասում»: