Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի միջնորդությամբ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը զբաղեցրած պաշտոնից ազատել է Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրեն Նարինե Մեսրոպյանին:
Մարզպետը ղեկավարվել է ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներով, հաշվի առնելով ՀՀ ՇՄ դատախազի 2019 թվականի փետրվարի 1-ի N:64/22-8-19 միջնորդագիրը, ՀՀ ԿԳ նախարարի 2019 թվականի փետրվարի 11-ի N:01/10/1727 -19 առաջարկությունը, անհիմն համարելով ՀՀ ՇՄ «Գյումրու N:19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ տնօրեն Նարինե Սիմոնյանի 2019թ. փետրվարի 15-ին տրված բացատրությունը:
Այս դպրոցում հայտնաբերված կոռուպցիայի համար տնօրեն Նարինե Սիմոնյանը ներգրավել էր դպրոցի 25 մանկավարժի: «Մենք քրեական գործի նախքաննության ընթացքում փաստեցինք, որ նշված տնօրենի կողմից կատարվել են 2 դրվագ հանցավոր արարքներ՝ պաշտոնական դիրքի չարաշահում և պաշտոնական կեղծիք: Ընդ որում, որ այդ հանցագործությունը տվյալ անձը կատարել է տևական և շարունակական՝ ներգարվելով շուրջ 25 աշխատողի: Քրեական գործի ընթացքում սուբյեկտը վերականգնել է պետությանը պատճաված վնասը, տվել ցուցմունք: Նույնաբովանդակ ցուցմունք տվեցին նաև դպրոցի 25 աշխատակիցներն ու փոխտնօրենը: Այդ պարագայում ես նպատակահարմար գտա քրեական գործով վարույթը կարճել՝ ոչ արդարացման հիմքով: Այսինքն, մենք փաստեցինք, որ տվյալ դպրոցի տնօրենը կատարել է հանցագործություն, բայց ես նպատակահարմար չգտա դատել, քանի որ ևʹ տնօրենին, ևʹ 25 ուսուցչին դատելը աննպատակահարմար է: Ո՞նց եք պատկերացնում՝ մի դպրոցից 25 ուսուցչի միանգամից դատի տայինք»,- փետրվարի 18-ին Գյումրիում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանը: