Ապօրինի հյուրախաղ. hraparak.am
Advertisement 1000 x 90

Ապօրինի հյուրախաղ. hraparak.am

Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանին ուղղեցինք հետեւյալ հարցը․ «Ճի՞շտ է, որ խորեոգրաֆիայի թատրոնը ցանկացել է հյուրախաղեր անցկացնել Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատրոնում, սակայն Ձեր զանգից հետո դա տեղի չի ունեցել»։ Հետաքրքրվեցինք նաեւ, թե արդյոք խորեոգրաֆիայի թատրոնի տնօրեն Լիլիթ Փալանջյանն իր ընկերուհի՞ն է։

«Փառք Աստծո, որ այդպես չէ»,- մեր երկրորդ հարցին այսպես արձագանքեց Նազենի Ղարիբյանը։ Նա հիշեցրեց, որ խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրենի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է անցյալ տարվա դեկտեմբերի 28-ին, ստորագրվել է Լիլիթ Փալանջյանին ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու որոշումը։ Իսկ դրանից հետո էլ, ըստ նրա, նախկին տնօրեն Գայանե Կարապետյանը մինչ օրս չի վերադարձել, չի ազատել այն տարածքը, որտեղ ինքն ապրում է իր շների հետ, չի ներկայանում հանձնաժողովի նիստերին, որպեսզի կատարվի հանձնման-ընդունման գործը։ Նազենի Ղարիբյանն «օրենքից դուրս» որակեց Գյումրիի մարզամշակութային կենտրոնի հետ նախկին տնօրենի հյուրախաղեր անցկացնելը։

«Ինձ Ֆեյսբուքով պատահաբար ուղարկել էին ներկայացման գովազդը, որտեղ գրված էր՝ մշակույթի նախարարության խորեոգրաֆիայի պետական թատրոնը պատրաստվում է ներկայացում խաղալ։ Ես Գյումրիի թատրոնի տնօրենին դրա համար եմ զանգահարել, ասել՝ եթե իրենք գալիս են որպես մասնավոր թատերախումբ, խնդրեմ, բայց եթե գալիս են մշակույթի նախարարության խորեոգրաֆիայի պետական թատրոնի անունից, ապա դրա պատասխանատվությունն ինձ վրա է, որովհետեւ որեւէ հրաման չկա, գործուղման որեւէ թուղթ չկա, նա չի կարող ստորագրել, դա կարող է անել Փալանջյանը։ Հետեւաբար՝ դա ապօրինի հյուրախաղ է, եւ դրա ամբողջ ապօրինությունն ընկնում է Ձեզ վրա»,- ասաց Նազենի Ղարիբյանը։

hraparak.am