Քիչ առաջ լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ արտաքին հարաբերւթյւնների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, խոսելով մամուլում տարածված տեղեկությունների մասին, թե կառավարությունը մտադիր է ապրիլի 23-ը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը՝ հռչակել Քաղաքացու օր, ասաց.
«Իրեն հարգող ցանկացած հեղափոխություն փորձում է սահմանել սեփական հեղափոխական օրացույցը: Օրինակ՝ Ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո սահմանվեց ֆրանսիական նոր հեղափոխական օրացույց, որտեղ օրինակ պատմությունը սկսվում էր 1792 թվականի սեպտեմբերից՝ հանրապետության հռչակման առաջին օրը: Շաբաթները վերացվեցին, տասնօրյակներ սահմանվեցին, ամեն ամսին տրվեցին հեղափոխական անուններ, տարվա ամեն օրն ուներ իր անունը, օրինակ կովի օր, գազարի օր, ոչխարի օր: Բանանի օրը չգիտեմ կար, թե՝ ոչ, բայց կարծում եմ, որ չկար, բանանը այն ժամանակ դեռ չէր սպառվում Եվրոպայում: Նման նախադեպ կար Խորհրադային Միության հեղափոխությունից հետո, երբ օրինակ շաբաթն ուներ 5 օր»:
Անդրադառնալով օրացույցերի հետագա ճակատագրին՝ Աշոտյանը նկատեց, որ օրինակ՝ Ֆրանսիայում Նապոլեոնը դարձավ կայսր ու վերացրեց այն, իսկ Խորհրդային Միությունում հենց միության գոյության ժամանակ՝ 1940թ. -ին երացվեց, քանի որ այն համադրելի չէր համաշխարհային ժամանակագրության հետ:
«Եթե պետք է գնանք այսպիսի տրամաբանությամբ, նախագծի հեղինակներին կառաջարկեմ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի օրը սահմանել որպես Արցախի փրկության օր: Այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե այսքան զավեշտալի ու ողբերգական չլիներ: Սա հերթական անգամ ցույց է տալիս հասարակական-քաղաքական, պետական մտքի սնանկությունը, երբ քաղաքական, հանրային, տնտեսական դիսկուրսն իջել է պլինտուսի մակարդակի: Ցավոք»,-ասաց Արմեն Աշոտյանը: