Բուն բարեկենդանը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում
Advertisement 1000 x 90

Բուն բարեկենդանը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում

Մարտի 3-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշեց Բուն բարեկենդանը՝ բարեկենդաններից ամենամեծը, որ նախորդում է Մեծ պահքին: Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում Ս. Պատարագի մասնակիցները օրվա խորհրդին հաղորդ դարձան՝ ունկնդրելով Տեր Վահան քահանա Առաքելյանի քարոզխոսությունը, որում մասնավորաբար ասվում էր. «Ուրախությամբ սկսվում է Մեծ պահքը և առավել ևս ավարտվում բազմապատիկ ցնծությամբ՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարությամբ, քանի որ այն կյանքը, որից զրկվել էր մարդն իր անհնազանդությամբ, Քրիստոսի Հարությունը խոստանում է վերադարձնել մարդուն: Հետևաբար՝ մեզ բոլորիս մաղթում եմ ապաշխարության արդյունավետ շրջան և ընթացք, որպեսզի Սուրբ Հարության տոնին քաղենք այն պտուղները, որոնց համար ջանքեր ենք գործադրել, որոնց համար տքնել և աղոթել ենք, և մեր հոգու անդատաստանն իր պտուղներով ուրախություն պատճառի ոչ միայն մեզ, այլ նաև երկնքին»:

Ս. Պատարագի մասնակիցները արարողության ավարտին ազգային կոլորիտով զարդարուն եկեղեցու բակում մասնակից եղան նաև բարեկենդանյան տոնախմբությանը: Ներկաներն ունկնդրում էին «Զորավոր մանկունք» երգչախմբի կատարումները և հյուրասիրվում տիկնանց միության կողմից պատրաստած տոնական սեղանից: Ազգային երաժշտությունը ազգային պարերի շուրջ էր համախմբել ներկաներին: Բարեկենդանյան ուրախ տրամադրությունը համակել էր բոլորին: Դարավոր սովորության համաձայն՝ բարեկենդանը հայ ազգի համար այնքան սիրված և սպասված տոն է եղել, որ ընկալվել է որպես ամենաազգային և հավաքական տոն, որն ուղեկցվել է պարերով, խաղերով,  զվարճահանդեսներով, թատերախաղերով, այցելություններով և ճոխ ու առատ ուտելիքների վայելումով:

Կարինե Սուգիկյան

surbzoravor.am