Հայաստանյան բուհերի ուսանողներին հնարավորություն կընձեռվի ուսման վարձը վճարել ամսական կտրվածքով: Այս առաջարկության հեղինակը Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն է:
«Գործող օրենսդրությունը չի արգելում վճարովի հիմունքներով սովորողներին ամսական տարաժամկետմամբ վճարումներ կատարել, բայց օրենքի այդպիսի պահանջ չկա, և ուսանողները կարող են նման հնարավորություն ստանալ, եթե գրավոր դիմեն ուսումնական հաստատության ղեկավարությանը: Դիմումը կարող է բավարարվել կամ չբավարարվել»,- ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացնելով «Կրթության մասին» ՀՀ օրենքում իր առաջարկած փոփոխությունը` ասաց Ուրիխանյանը:
Նրա համոզմամբ` ամսական կտրվածքով վճարելու իրավունքը հնարավորություն կտա որոշակիորեն մեղմել սոցիալապես անապահով ուսանողների ֆինանսական դրությունը:
Ուրիխանյանն անդրադարձավ նաև իր առաջարկի մասին կառավարության հնչեցրած այն կարծիքին, թե ուսանողները նման հարցով դիմելու դեպքում երբեք մերժում չեն ստանում և պնդեց. «Նման դեպքեր եղել են»:
Նա խոստացավ օրինագծի քննարկման ժամանակ ԱԺ լիագումար նիստում ներկայացնել նաև այն ուսանողների անունները, որոնք ուսման վարձի տարաժամկետ վճարման իրավունքից զրկվելու հետևանքով դուրս են մնացել բուհերից:
«Այս ընթացքում ես 400 դիմում եմ ստացել: Սա շատ պահանջված նախաձեռնություն է»,- ասաց Ուրիխանյանը` հիշեցնելով, որ նախաձեռնությունն արդեն մեկ անգամ ներառվել է ԱԺ նիստի օրակարգում, բայց չի ընդունվել:
ԱԺ 6-րդ գումարման նիստերի օրակարգում ընդգրկված նախագիծն ամիսներ առաջ չէր ընդունվել քվորումի բացակայության պատճառով, քանի որ խորհրդարանական ուժերը 2018թ-ի աշնանը բոյկոտում էին խորհրդարանի աշխատանքն ու չէին ներկայանում նիստերի: ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովն այսօր հավանության արժանացրեց Ուրիխանյանի նախագիծը, և այն առաջիկայում դարձյալ կներառվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգում: