ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի առաջին հայտարարությունները ռուս-ամերիկյան հարաբերությունների տեղաշարժման հույս են ներշնչում: Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, հղում անելով ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին:
«Համենայն դեպս, դա հույս է տալիս, որ, գուցե, մեզ հաջողվի ինչ-որ թեկուզև վեհերոտ քայլեր անել դեպի մեր հարաբերությունների բարելավումը»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով շահագրգիռ բոլոր պետությունների հետ հարաբերությունները զարգացնելու մտադրության վերաբերյալ Թրամփի արած հայտարարությունը:
Նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքները չեն նշանակում, թե Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններում վիճելի հարցերը մի ականթարթում կլուծվեն: «Հիմարություն կլիներ այդպես կարծել: Բայց գլխավորը քաղաքական կամք ունենալն է և վիճելի հարցերը բանակցությունների միջոցով, այլ ոչ թե առճակատման կամ ինչ-որ անհեթեթ ահաբեկումների միջոցով լուծելու մտադրությունը»,- նշել է Պեսկովը: