Մեղրիի ռուսական սահմանապահ ջոկատի զինծառայողները Հայաստանի պետեկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացրած գործողությունների շրջանակում բերման են ենթարկել օրինախախտի, ով հայ-իրանական սահմանով փորձել է գաղտնի թմրամիջոցներ անցկացնել Հայաստան: Այս մասին տեղեկացրեցին Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունից:
Մարտի 5-ին «Ագարակ» սահմանային անցման կետում իրավապահ մարմինները զննել են Հայաստանի երեք քաղաքացու, որոնք ավտոմեքենայով Իրանից են ուղևորվել:
Քաղաքացիներից մեկին զննելու ընթացքում հայտնաբերվել է մոխրագույն զանգված, ենթադրվում է՝ մետամֆետամին պարունակող երկու փաթեթ, ընդհանուր 109 գրամ քաշով:
Ներկայում համապատասխան մարմիններն անցկացնում են անհրաժեշտ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու համար: Հայնտաբերվածն ուղարկվել է փորձաքննության: