Իսրայելի Kan հանրային հեռարձակման կորպորացիան կարգադրել է չեղարկել «Եվրատեսիլ-2019»-ի՝ կանոնների խախտմամբ վաճառված տոմսերը: Այդ մասին կորպորացիան մարտի 5-ին հայտնել է իր կայքում:
«Խախտումների պատճառով Kan-ը կարգադրել է չեղարկել «Եվրատեսիլ»-ի մի շարք վաճառված տոմսեր: Սա ներքին հետաքննության առաջին փուլն է Leaan տոմսարկղի նկատմամբ, որը դեռ մինչև վաճառքների պաշտոնական մեկնարկը և, հակառակ աշխատանքի սահմանված սկզբունքներին, լավագույն տեղերի տասնյակ տոմսեր է տրամադրել մշակույթի և սպորտի աշխարհի բարձրաստիճան գործիչների»,- նշել են կորպորացիայում: Kan-ի ղեկավարությունը Leaan տոմսարկղից պահանջել է «անհապաղ չեղարկել «Եվրատեսիլ» մրցույթի՝ կորպորացիայի պաշտոնական կանոնների խախտմամբ վաճառված բոլոր տոմսերը»: «Հեռախոսով կամ գրասենյակում իրացված նման տոմսերի վաճառքը պետք է չեղարկվի, իսկ տոմսերը պետք է վերադարձվեն տոմսարկղ՝ Kan-ի կանոններին համապատասխան իրացնելու համար»,- մատնանշել են կորպորացիայում:
Տոմսերի վաճառքը «Եվրատեսիլ» մասնագիտացված կայքում սկսվել է փետրվարի 28-ի երեկոյան: «Մեկ ժամ անց մրցույթի եզրափակիչի բոլոր տոմսերը վաճառված էին: Ընդ որում Եվրոպայից, Ամերիկայից և Ավստրալիայից մրցույթին ներկա լինել ցանկացողներից շատերը գանգատվել են կայքին հասանելի լինելու խնդրից»,- նշել է իսրայելական հեռուստատեսության Իններորդ ալիքը: Նրա տվյալներով՝ դրանից շատ չանցած սացիալական ցանցերում առաջարկություններ են հայտնվել կազմակերպիչների կողմից սահմանված գները 2,5 անգամ գերազանցող գներով տոմսերի վաճառքի մասին: