Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանում ի հայտ է գալիս նոր քաղաքական կառույց՝ «Ադրբեջանական ազգային շարժում» անունով: Քուրբան Մամեդովի գլխավորած նախաձեռնության հետևում երևում են Ռուսաստանի ականջները:
Կոչով դիմելով Ռուսաստանի ու Թուրքիայի իշխանություններին՝ Քուրբան Մամեդովը տարածաշրջանային բոլոր խնդիրների համար մեղադրում է Իլհամ Ալիևին, որի ձեռքերը, ըստ Մամեդովի, «թաթախված են արյան մեջ»:
Աշխարհի բոլոր երկրների կողմից չեզոքություն պահպանվելու դեպքում Քուրբան Մամեդովը խոստանում է ոչ բռնի, ժողովրդական հեղափոխություն անել Ադրբեջանում, ժողովրդին ազատել ալիևյան բռնապետությունից և բարիդրացիական հարաբերություններ հաստատել հարևանների հետ:
Խոսք կա նաև հայերի մասին: Թեև Մամեդովը չի խոստանում ճանաչել Արցախի անկախությունը, սակայն հստակ նշում է, որ բոլոր ժողովուրդները պետք է հավասար լինեն՝ առանց խտրականության:
Հ.Գ. Հասկանալի է, իհարկե, որ Հայաստանը չի կարող ադրբեջանական որևէ իշխանությունից սպասել հայանպաստ քայլեր, սակայն ալիևյան կլանի հնարավոր տապալումը կարող է ժամանակավորապես թուլացնել ադրբեջանական նավթադոլարների դիվանագիտությունն ու ագրեսիվ սպառազինությունը, ինչը մեզ նոր տեմպով թափ հավաքելու հնարավորություն կտա:
Թշնամու անկայունությունը երկսայրի սուր է: Պետք է զգույշ լինել, մանավանդ որ նոր առաջ եկող շարժման հետևում գերտերությունների շունչը զգացվում է»: