
«Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի գլխավոր ինժեները երկու ավտոբուսներում դրամարկղերի տեղադրման հետ կապված համաձայնություն տվել է: Ավտոբուսների վարորդների գործադուլի խնդրով հրավիրված ճեպազրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե վարորդները նշում են, որ արկղերը դրվել են արգելակման ձողերի մոտ, ինչը կարող է անհարմարության և վթարի պատճառ դառնալ:
«Դրամարկղերը դրվել են երեկ երեկոյան: Եվ գլխավոր ինժեների կողմից համաձայնություն տրվել է, հետևաբար խնդիր չկա»,-ասաց Սարգսյանը:
Նա նշեց, որ ճիշտ տրամաբանությամբ են աշխատում: Փոխքաղաքապետը վստահեցրեց, որ առաջնահերթ Երևան քաղաքացիների անվտանգությունն են ուզում ապահովել: Սարգսյանը նաև նշեց, որ վարորդների եկամուտների մասով փոփոխությունը լինելու է այնպես, որ նրանց ֆինանսական միջոցները չնվազեն: