Հատված լուսանկարիչ Գերման Ավագյանի հետ Vnews.am-ի հարցազրույցից. «…Մի խումբ լուսանկարիչներ գրանտային ծրագրով Էդիկ Բաղդասարյանի հետ եկան Վաշինգտոն: Ես էլ այն ժամանակ ապրում էի Վաշիգտոնում: Էդիկը բարկացած ասում էր. «Մեզ սովորեցնում են այն, ինչ մենք արդեն գիտենք»: Էդիկի զայրույթը մի փոքր մեղմելու համար խմբին տարան բար՝ գարեջուր խմելու:
Վաշինգտոնում Alan Morgan անունով մի շրջան կա, որտեղ ուրբաթ երեկոյան այնքան շատ մարդ կա, որ ասեղ գցելու տեղ չկա: Երբ մուտք գործեցինք հերթական բար, որտեղ նույնպես տեղ չկար, մուտքի մոտ մի փոքր տեղ հաջողացրեցինք գտնել, հավաքվել այնտեղ և ոտքի վրա գարեջուր վայելել:
Ի զարմանս ինձ, մի քիչ հարբած մի տղամարդ է մոտենում ինձ, ասում է. «Լուսանկարի՞չ ես», դրական պատասխան եմ տալիս, իսկ նա շարունակելով հետաքրքրվել, ավելացնում է. «Որտեղի՞ց ես բա»: «Հայաստանից»,-ասում եմ, նա էլ միանգամից փոխում է դեմքի արտահայտությունը և ինձ իր սեղանի մոտ է տանում: Ասում է. «Ես քեզ պետք է հյուրասիրեմ»:
Ի դեպ, չիլիացի էր, բայց 25 տարի իտալական Կարմիր Խաչի համար էր աշխատում: Մի խոսքով, ասում է. «Ես աշխարհի շատ ողբերգական կետերում եմ աշխատել, բայց այն, ինչ տեսել եմ 1988 թվին Լենինականում, ոչ մի տեղ չեմ տեսել: Դուք աննորմալ ազգ եք: Սովորաբար, երբ ինչ-որ տեղ եմ գնում, տուժածները նայում են ինձ ու մյուսների պես օգնություն աղերսում, բայց ձեր դեպքում պատկերն այլ էր: Ձեզ մոտ դագաղները փողոցներում դրված, մարդիկ էլ դեռ չթաղված, հարազատները հոգ էին տանում իմ մասին, կերակրում, շփվում ինձ հետ, որ ինձ մենակ չզգամ: Ի դեմս քեզ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ամբողջ հայ ազգին»»:
Լուսանկարը՝ Լուսինե Գրիգորյանի