Աննա Հակոբյանին «չտրված» հարցերի սպառիչ պատասխանների ակնկալիքով․ Factor.am-ը դիմել է վարչապետի տիկնոջը. factor.am
Advertisement 1000 x 90

Աննա Հակոբյանին «չտրված» հարցերի սպառիչ պատասխանների ակնկալիքով․ Factor.am-ը դիմել է վարչապետի տիկնոջը. factor.am

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի արտերկրյա այցելությունները շարունակում են մնալ մամուլի ուշադրության կենտրոնում։  Հատկապես քննարկվում է այն, որ   Աննա Հակոբյանն ամուսնու հետ մեկնում է պաշտոնական և աշխատանքային գործուղումների, բայց նրա անունն ընդգրկված չի լինում վարչապետի կողմից հաստատված պատվիրակության կազմում:

Նիկոլ Փաշինյանի Բրյուսել կատարած պաշտոնական այցի օրերին Բելգիայի մայրաքաղաքում Հայաստանից մեկնած լրագրողների և Աննա Հակոբյանի անակնկալ հանդիպումը դարձավ նոր աղմուկի առիթ, որին Աննա Հակոբյանը ստիպված եղավ մի քանի անգամ անդրադառնալ՝ ինչպես իր ֆեյսբուքյան գրառումներով, այնպես էլ իր կողմից խմբագրվող «Հայկական ժամանակ» օրաթերթի կայքում։ Ի պատասխան՝ «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը  և Lragir.am-ի լրագրող Ռոզա Հովհաննիսյանն արձագանքեցին՝ պնդելով, որ դստեր՝ Մարիամ Փաշինյանի հետ սրճարանում գտնվող Աննա Հակոբյանը ծածկել է դեմքը՝ չցանկանալով ճանաչված լինել։

Նշենք, որ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հավաստիացրել էր, որ Աննա Հակոբյանը և Մարիամ Փաշինյանը Բրյուսել են մեկնել իրենց անձնական միջոցներով։

Այնուհանդերձ, Աննա Հակոբյանն իր հոդվածում նշել էր, որ Բրյուսելում  իրեն հանդիպած լրագրողներից ակնկալել է հարցեր՝ իր այցի վերաբերյալ, բայց չի ստացել:  Նա մի քանի տեղին հարցադրումներ էր արել, բայց դրանց չէր պատասխանել:« Ես հիմա չեմ պատասխանում ինքս ինձ տված հարցերին, որովհետև չեմ կարող ինքս ինձ հետ հարցազրույց անել: Բայց վստահեցնում եմ, որ սիրով կպատասխանեի դրանց, եթե դրանք ինձ ուղղեր որևէ լրագրող»,-գրել է նա։ Factor.am-ը, օգտվելով տիկին  Հակոբյանի պատրաստակամությունից,   հրապարակավ նրան է ուղղում մի քանի հարց, որոնց սպառիչ պատասխանները, հուսով  ենք, տեղիք չեն թողնի թեմայի հետագա շահարկման համար։

1.Տիկին Հակոբյան, ի՞նչ նպատակով էիք Դուք և Ձեր դուստրը մեկնել Բրյուսել՝ վարչապետի պաշտոնական այցի օրերին։

2.Ինչով է պայմանավորված այն, որ Ձեր օտարերկրյա առնվազն երկու այցերը /Շվեյցարիա, Բելգիա/ տեղի են ունենում  նույն օրերին և  նույն երկրներ, որտեղ այցելում է վարչապետի գլխավորած ՀՀ պատվիրակությունը։

3.Դուք վարչապետին սպասարկող պետական ինքնաթիռո՞վ եք մեկնել Բրյուսել։ Եթե ոչ՝ խնդրում ենք ներկայացնել ավիատոմսերի  ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթեր։

4.Որևէ պաշտոնական կամ աշխատանքային հանդիպում ունեցե՞լ եք այցի շրջանակներում:

5.Բրյուսելում եղած օրերին Ձեր և Ձեր դստեր գիշերակացի և օրապահիկի համար Ձեր անձնական միջոցների հաշվի՞ն եք վճարել: Խնդրում ենք տրամադրել հիմնավորող փաստաթղթեր:

6.Armtimes.com-ում հրապարակված Ձեր հոդվածում Դուք նշում եք, որ վարչապետի այցը լուսաբանող լրագրողներից ակնկալել եք հարցեր, որոնց պատասխանելու դեպքում բոլորին պարզ կլինի, թե Դուք և Ձեր դուստրն ինչո՞ւ եք գտնվում Բրյուսելում: Միաժամանակ այցը լուսաբանող լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանը («Առավոտ» օ/թ) և Ռոզա Հովհաննիսյանը (Lragir.am) հրապարակումներ են արել, որտեղ մանրամասնում են, թե ինչպես եք Դուք խուսափել լրագրողներից: Մասնավորապես, «Առավոտ»-ի կայքում կարդում ենք. «Իրականում տիկին Հակոբյանը սրճարանում ձեռքերով փակել էր իր դեմքն ու գլուխը, ինչից անձամբ ես ենթադրեցի, որ մարդը չի ցանկանում երևալ, թաքնվում է, հետևաբար սա ևս մեկ ազդակ էր, որ հարգելով նաև իր ազատության իրավունքը, ինչպես ինքն է գրում՝ աշխատանքային գործիքներս գրպանումս ունենալով՝ նրան չմոտեցա ու հարցախեղդ չարեցի»: Ինչպե՞ս կմեկնաբանեք լրագրողների այս հայտարարությունները, ինչո՞ւ եք խուսափել նրանց հետ առերեսվելուց:

7.Այնուամենայնիվ, եթե Դուք ունեիք ասելիք, ինչո՞ւ Բրյուսելում չհանդիպեցիք Հայաստանի պատվիրակության այցը լուսաբանող  լրագրողների հետ:

8.Հնարավորության դեպքում խնդրում ենք կազմակերպել հարցազրույց (տեսանկարահանում) այս հարցերի շրջանակում:

factor.am