Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեին՝ վերջինիս ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու հանգամանքի վրա:
«Որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Ռուսաստանի Դաշնություն Ձեր առաջին պաշտոնական այցի կապակցությամբ ուշադրություն ենք հրավիրում վանդալիզմի հրեշավոր ակտի վրա, որ տեղի է ունենում Ադրբեջանում: 1998-2005թթ Ադրբեջանում՝ նախկինում պատմական Հայաստանի մաս Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում, Ջուղա քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել գերեզմանոցի նպատակաուղղված ոչնչացում, որտեղ եղել են հազարավոր միջնադարյան հայկական գերեզմանաքար-հուշարձաններ՝ խաչքարեր:
Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային խորհրդի, արևմտյան լրատվամիջոցների և հայկական աղբյուրների համաձայն՝ հայկական մշակույթի հնագույն հուշարձանների ոչնչացումը նախաձեռնել են Ադրբեջանի իշխանությունները: Հայկական գերեզմանոցում եղած բոլոր խաչքարերը ոչնչացրել են ռազմական հագուստով մարդիկ՝ շինարարական ծանր տեխնիկայի օգնությամբ: Տապանաքարերի խոշոր բեկորները վերամբարձ կռունկների օգնությամբ դրել են վագոնների մեջ և երկաթուղով տարել են, հավանաբար, հետագայում որպես շինարարական նյութ օգտագործելու նպատակով: Հուշարձանների ավելի փոքր բեկորները բեռնել են բեռնատարների մեջ և թափել Արաքս գետը: Ջուղայի գերեզմանատունը, որը հայկական մշակույթի մեծագույն հուշարձաններից մեկն էր, վերածվել է հրաձգարանի»,- ասված է դիմումի մեջ:
Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը հավելում է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացված վանդալիզմի ակտը համաշխարհային հանրության կողմից չի արժանացել խիստ դատապարտման, դրան չեն հետևել որոշիչ պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ, որը կազմակերպել է բարբարոսական ցեղասպանությունը հայկական մշակույթի նկատմամբ: «Հայկական խաչքարերը 2010 թվականին ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում: Այժմ բոլորն են ընդունում, որ հայկական խաչքարերը համաշխարհային արվեստի գլուխգործոց են: Աշխարհի խոշորագույն թանգարանները պատիվ են համարում իրենց հավաքածուներում գոնե մեկ խաչքար ունենալը»,- ասված է դիմումի մեջ:
Խորհուրդը հիշեցնում է, որ մինչ ոչնչացումը Ջուղայի հայկական գերեզմանատունը միջնադարյան խաչքարերի ամենամեծ գերեզմանոցն է եղել. 20-րդ դարի սկզբում այնտեղ եղել է 6 հազար խաչքար: 20-րդ դարի վերջին դրանց թիվը կրճատվել է՝ հասնելով 3 հազարի:
«Եվ ահա 20-րդ դարի վերջում և 21-րդ դարի սկզբին ադրբեջանցի վանդալները ավարտին հասցրեցին իրենց կեղտոտ գործը: Հայկական այդ հուշարձանների երբեմնի գեղեցկության և դրանք կերտած վարպետների տաղանդի մասին են վկայում ընդամենը պահպանված նկարները: Վանդալիզմն ավելի քան ակնհայտ է: Հարգելի տիկին Ազուլե, Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը խստորեն դատապարտում է ադրբեջանական իշխանությունների բարբարոսական վերաբերմունքը ներկայիս Ադրբեջանի տարածքում հայկական մշակույթի և արվեստի հուշարձանների նկատմամբ և Ձեզ կոչ է անում գնահատական տալ Ջուղայի խաչքարերի ոչնչացմանը: Նաև խնդրում ենք Ձեզ քայլեր ձեռնարկել, որպեսզի նման երևույթներն ապագայում չկրկնվեն ինչպես Ադրբեջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, քանի որ յուրաքանչյուր ազգի գլուխգործոցներն անկասկած, ողջ մարդկության ձեռքբերումն են: Ակնկալում ենք Ձեր կառուցողական պատասխանը»,- նշված է դիմումի մեջ: