ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՈՎ Է ՀՀ ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆԸ
Այսօր կանանց տոնի առթիվ տղամարդիկ շնորհավորում են կանանց, իսկ շատերը՝ նաև ՀՀ առաջին տիկնոջը:
Իսկ ո՞վ է (համարվում) Հայաստանի առաջին տիկինը:
Այս հարցի պատասխանը տալու համար ընդամենը պետք է պարզել, թե Հայաստանի օրենսդրության համաձայն՝ ով է հանդիսանում Հայաստանի թիվ 1 պաշտոնատար անձը:
Եվ այսպես, ՀՀ Սահմանադրության 152-րդ հոդվածի համաձայն՝ վարչապետը ՀՀ կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է կառավարության գործունեությունը և համակարգում է նախարարների աշխատանքը։ Մի կողմից էլ, նա առ այժմ անմիջականորեն վերահսկում է ուժային իրավապահ կառույցներին։ Համաձայնեք՝ հզոր պաշտոն է…
Հա, բայց այդ նույն Սահմանադրության 88-րդ հոդվածի համաձայն՝ այդ նույն վարչապետի ղեկավարած կառավարության գործունեության նկատմամբ վերահսկողություն է իրականացնում ՀՀ Ազգային ժողովը, որն ունի նախագահ։ Այսինքն՝ ի՞նչ…
Արի ու տես, որ այդ նույն Սահմանադրության 123-րդ հոդվածն էլ սահմանում է, որ պետության գլուխը ՀՀ Նախագահն է…
Հիմա ի՞նչ, ո՞վ է ՀՀ բարձրագույն պաշտոնատար անձը, հետևաբար և՝ ո՞վ է հանդիսանում ՀՀ առաջին տիկինը…
Դե լավ, դա մի կողմ, կանանց տոնը շնորհավոր, թող մեր կանայք լինեն ուրախ ու երջանիկ…»: