Ինչպես են ոստիկանները Նիկոլին փնտրել Ռաֆայել Թեյմուրազյանի հայրական տան հավաբնում
Advertisement 1000 x 90

Ինչպես են ոստիկանները Նիկոլին փնտրել Ռաֆայել Թեյմուրազյանի հայրական տան հավաբնում

Մարտի 8-ի առիթով մի բան էլ ես գրեմ:

2008-ի մարտի 8-ին հայրենի իրավապահները խուզարկել են մեր տունը (գ. Հաղարծին)։

Առաջին հարկը «խուզարկելուց» հետո բարձրացել են երկրորդ հարկ, բացել դուռն ու շարունակել «խուզարկությունը»։ Խորքի սենյակներից մեկում ուխտադրուժ կերպով գիրք կարդացող հայրս զգացել է, որ տանն ինչ-որ շարժ կա։ Պարզվում է՝ եկել են խուզարկելու։ Բնականաբար ոչ մի դատարանի որոշում, ոչ մի ընթերակա, ոչ մի հիմնավորում. նրանք ընդհանրապես սկսել են «խուզարկել» նույնիսկ, երբ կարծել են, թե տանը մարդ չկա։

Փնտրել են զենք-զինամթերք և Նիկոլ Փաշինյանին: Հարցրել են՝ ի՞նչ կա տան հետևի մասում։ Հավաբուն։ Մեկը գնում է ստուգելու։ Պապան առարկում է. բա նա հավաբնում պաղկվող տղա ա՞: Ավելի մոտիվացված են զննում հավաբունը։ Անցնում են սենյակներով, պադվալով… Նիկոլը չկա ու չկա։

Առաջին հարկում մի մետաղյա կիսաժանգոտած պահարան են գտել (այսպես ասած՝ սեյֆ)։ Հորս հարցրել են, թե ինչ կա սեյֆում։ Պապան ասել է՝ երկու հատ գնդացիր, մի հատ էլ փո՜քր թնդանոթ։ Խրոխտ սաստել են, թե «օրգանի աշխատողների հետ այդ տոնով չխոսես»։

Պահանջել են բացել սեյֆը, որը երևի մի 10 տարի բացող չի եղել։ Պապան ո՛չ էդ սեյֆի տեղը գիտեր, ո՛չ էլ դրա բանալու։ Դրանց հետ իջել է ներքև, տեսել՝ ամեն ինչ խառնած, բանալին էլ հենց սեյֆի վրա։ Բացել են, մեջն եղել է մի հատիկ օճառ ու վերջ։ Պապան առաջարկել է վերցնել հետները: Թարս նայել են վրան ու գնացել՝ օճառը թողնելով տեղում։

Ինչո՞ւ պետք է մեր տանը զենք լիներ։ Ենթադրում եմ, որ դրա համար «հիմք» է հանդիսացել այն, որ պապան արցախյան պատերազմի կամավորական է եղել, իսկ նախագահի ընտրության օրը մաման ու եղբայրս Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ էին գյուղի երկու տեղամասերում։ Ամբողջ ընտանիքով մասնակցում էինք ընդդիմության հանրահավաքներին, դրանց դիսկերը՝ տարածում… Մի զենքն ի՞նչ է, որ տանը չլիներ:

Իսկ Նիկոլ Փաշինյանի հետ ծանոթացել եմ կարծեմ 2006-ին, բայց երբևէ այնպիսի հարաբերություններ չենք ունեցել, որ մտածեի՝ նրան կփնտրեն մեր հավաբնում։ Քվեարկելուց հետո, երբ քրոջս հետ տրանսպորտի էինք սպասում, որ վերադառնանք Երևան, Իջևանից վերադարձող Նիկոլը կանգնեց, մեզ վերցրեց, միասին գնացինք։ «Խուզարկուներն» իմացել են սրա մասին, ինչն էլ թերևս ենթադրել է տվել, որ կարող է՝ մեր տանն է թաքնվում։

Հաշվի առնելով երկրում այն օրերի մթնոլորտը, «իրավապահների» բռի ու անտաշ բնույթն ու պապայի սարկաստիկ պատասխանները, երևի կարելի է ասել, որ բախտներս բերել է, որ մեր ընտանիքի անդամներից ոչ մեկի նկատմամբ գործ չի հարուցվել։

Շնորհավոր Մարտի 8։



Նման նյութեր