Չնայած տարածված կարծրատիպին՝ Նազիկ Ավդալյանը սեփական օրինակով ապացուցեց, որ կին մարզիկներն արտաքնապես որքան կոփված են և ուժեղ, այնքան էլ կարող են կանացի ու նուրբ լինել: Նազիկն այժմ ընտանեկան լիարժեք ու ներդաշնակ կյանքով է ապրում: BlogNews.am-ն, օգտագործելով մարտիության առիթը, շնորհավորել է մարզուհուն ու զրուցել կանացիության գաղտնիքների, ընտանիքի ու որդու՝ Վաչեի մասին։
– Նազիկ, բարդ չէ՞ լինել այս մարզաձևում ու միևնույն ժամանակ մնալ այսչափ կանացի:
– Շատ դժվար էր սկզբում մարդկանց ապացուցել, որ ծանրամարտն ընդհանրապես չի կոպտացնում կնոջը։ Ճիշտ է, հնարավոր է՝ որոշակիորեն ազդեցիկ է դարձնում կառուցվածքը, բայց սպորտը թողնելուց հետո մկանային համակարգը լրիվ վերադառնում է իր նախնական տեսքին։ Մարզված կինը կարող է մկանուտ և աթլետիկ դառնալ, սակայն դա ի՞նչ կապ ունի բնավորության, շարժուձևի ու պահվածքի հետ։ Հաճախ ճիշտ հակառակն է լինում. սպորտը կնոջն ավելի ինքնավստահ է դարձնում, զարգացնում կամքը, դարձնում ավելի գրավիչ։ Մարզումների ժամանակ ես պաքարում եմ, ինչպես ասում են, երկաթի դեմ, իսկ մարզումներից հետո ոչինչ չի խանգարում վերադառնալ իմ սովորական կյանքին, լինել կանացի, քնքուշ, սիրող կին և մայր… Տարիների ընթացքում հասկացել եմ, որ կանացի լինելու համար պետք չէ ցույց տալ, որ դու այդպիսին ես, պետք է ուղղակի լինել այնպիսին, ինչպիսին որ կաս ու վերջ։
– Կանացի թուլություններդ շա՞տ են։
– Չգիտեմ՝ ինչքանով ճիշտ կլինի խոսել իմ թուլությունների մասին, բայց, այո՛, ինչպես բոլորը, ես ևս ունեմ թուլություններ, թեև հաճախ փորձում եմ ինձ ուժեղ ցույց տալ։ Ես շուտ հուզվող մարդ եմ։ Չէի ուզենա իմ թուլությունների մասին խոսել․ դրանք իմն են ու թող մնան ստվերում։
– Ի՞նչը կարող է վիրավորել Նազիկ Ավդալյանին։
– Հետաքրքիր հարց էր: Երբ վիրավորում են իմ «ես»-ը և ինքնասիրությունը ու երբ չարաշահում են վստահությունս։
– Ո՞րն է կնոջ գլխավոր զենքը՝ ըստ քեզ։
– Կինը կարող է իր բնավորությամբ շատ ուժեղ լինել, միևնույն ժամանակ՝ շատ նուրբ ու քնքուշ։ Յուրաքանչյուր ուժեղ կին էլ շատ փխրուն է իր էությամբ և հակառակը։ Կինն ընդհանրապես ծայրահեղությունից ծայրահեղություն է։ Կնոջ ամենամեծ զենքը պետք է լինեն նրա առաքինությունը, բարոյական հատկանիշներն ու մայրական բնազդը, այն ամենն, ինչը հայ կնոջը հայտնի է դարձրել աշխարհում։
Ամբողջությամբ` blognews.am