Իննսունվեց տարեկանում կյանքից հեռացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Էտուշը: Ինչպես նշում է Russia Today-ը, տեղեկությունը հաստատել է նրա դուստրը: Մարտի 8-ին դերասանի ինքնազգացողությունը վատացել է: Շտապօգնությունը նրան հոսպիտալացրել է՝ տեղափոխելով մոսկովյան կլինիկաներից մեկի վերակենդանացման բաժանմունք: Սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Վերջին շրջանում դերասանի առողջական վիճակը վատ էր, ինչի պատճառով նա մի քանի անգամ հոսպիտալացվել էր:
Էտուշը ծնվել է 1922թ., Մոսկվայում: Նա մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, որի ժամանակ ծանր վիրավորում է ստացել: 1945թ. ավարտել է Շչուկինի անվան թատերական ուսումնարանն ու աշխատանքի անցել Վախթանգովի անվան թատրոնում, որտեղ կարճ ժամանակում դարձել է առաջատար դերասաններից մեկը: Նրա դերերից առավել հայտնի են տավարիշչ Սաախովը («Կովկասի գերուհին»), ինժեներ Անդրեյ Բրունսը («12 աթոռ») և ատամնաբույժ Շպակը («Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը»):