«Փաշինյանի ամենամեծ սխալը, որը կկործանի թե՛ իրեն, թե՛ իր հեղափոխությունը». Արտաշես Փափազյան
Advertisement 1000 x 90

«Փաշինյանի ամենամեծ սխալը, որը կկործանի թե՛ իրեն, թե՛ իր հեղափոխությունը». Արտաշես Փափազյան

«Ներդաշնակ աշխարհ» ֆոնդի համանախագահ Արտաշես Փափազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանի ամենամեծ սխալը, որը կկործանի թե՛ իրեն, թե՛ իր հեղափոխությունը… Վարպետությունը՝ ջրամբարներն «առանց փողի» կառուցելն է:

Ճշմարիտ հեղափոխությունը ենթադրում է ինքնասպառված գաղափարների, իրենց դարն ապրած պետական կառավարման համակարգերի, մարդկանց հարաբերություններում արմատավորված արատավոր երևույթների վերացում և մարդկային փոխհարաբերությունների անխտիր բոլոր ոլորտների համար անհրաժեշտ այնպիսի ալգորիթմների ու մեխանիզմների հաստատում, որոնց միջոցով հասարակությունը կտեղափոխվի մարդկային մեկ այլ՝ եղածից էապես տարբերվող, նյութից չկառչած չափողականություն, որտեղ բոլորովին այլ շեշտադրումներ կստանան մարդկանց մոտեցումներն իրար, ընտանեկան հարաբերությունների, շրջապատող միջավայրի, տնտեսության զարգացումների նպատակայնությունների, պետության, աշխարհի, ամեն-ամեն ինչի նկատմամբ:

Հեղափոխության հաղթանակի անհրաժեշտ պայմանը չափման միավորների փոփոխությունն է: Եթե հեղափոխությունից առաջ գլխավոր չափման միավորը ՓՈՂՆ էր ու ամեն բան դրանով էր չափվում, և եթե հեղափոխությունից հետո էլ չափման գլխավոր միավոր է մնացել փողը, ապա համարիր, որ ոչ մի հեղափոխություն էլ տեղի չի ունեցել, քանզի չափման միավորն է որոշում ամեն ինչ: Եթե այսօր էլ նրանով է չափվում կառավարման համակարգի արդյունավետությունը, նրանով է որոշվում, թե որքան լավ կամ վատ կհավաքվեն հարկերը, կբռնվեն գողերն ու ավազակները, որքան արդար ու անաչառ կլինեն դատավորները, որքան բարեխիղճ կլինեն ուսուցիչները, բժիշկները, ավտոբուսի վարորդներն ու վարսավիրները, համարիր, որ հացներս ցամաք կերանք:

Գլխավոր չափման միավորի անձեռնմխելիության հետևանքներին մենք առնչվում ենք հետհեղափոխական այս մեկ տարվա ընթացքում: Եվ քանի դեռ ամեն բան ՓՈՂՈՎ է չափվում, մեզանից յուրաքանչյուրը՝ բոլոր տրամաչափի վարորդները, աջ ու ձախ ղեկեր ու այլևայլ ապրանք ներկրողները, մեծ ու փոքր առևտրականները, իրենց մտավորական համարողները, դերասաններն ու դրամատուրգները, գազավորված և անգազ ըմպելիքներ արտադրողները, քաղաքականությունն իրենց վաստակի աղբյուր դարձրած քաղաքական ու հասարակական պոռնիկները, մի խոսքով ԲՈԼՈՐՍ, հեղափոխությունից պահանջում և պահանջելու ենք ամեն մեկիս հատկացնել առավելագույնը, աշխատելու ենք ոչինչ չտալով հնարավորինս շատ պոկել, փախցնել, տանել ու ամբարել:

Եթե չի փոխվում չափման գլխավոր միավորը, և նախկինի նման ամեն բան չափվելու է ՓՈՂՈՎ, բարեկեցության աստիճանով, «լավ» կյանքով և նման մի շարան բաներով, ապա ոչ ոքի մտքով անգամ չի անցնելու այլ, եղածից էապես տարբերվող տրամաբանությամբ մտածելու, էլ չեմ խոսում գործելու մասին:

Ոչ ոք չի մտածելու ավելին տալու քան վերցնելու, սահմանվածից մի քայլ ավել անելու, մի քար ավել դնելու, սրբելու քան կեղտոտելու, մի բան ձրի, անշահախնդիր անելու, «ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ» մի աման ոսպապուրով աշխատելու, երկիրի շենացմանն անշահախնդիր ու ինքնամոռաց մասնակցություն ունենալու մասին: «Անհատական նպատակները մեր ընկալումներից մինչև վերջ դուրս շպրտելու համար» (Ն.Փ.), անհրաժեշտ է փոխել ՉԱՓՄԱՆ ԳԱԼԱՎՈՐ ՄԻԱՎՈՐԸ, այլ կերպ շատ շուտով ամեն բան դառնալու է ի շրջանս յուր»:



Նման նյութեր