Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 2019-2030 թվականներին գրիպի դեմ պայքարի նոր ռազմավարություն Է ընդունել: Դրա նպատակն Է՝ ավելի արդյունավետորեն կանխել հիվանդության սեզոնային բռնկումները, բարելավել հսկողությունը կենդանիներից մարդկանց վիրուսի փոխանցման նկատմամբ եւ նախապատրաստվել գրիպի հերթական համաճարակին, որը փորձագետներն անխուսափելի են համարում: Այդ մասին ԱՀԿ-ն մարտի 11-ին հայտնել Է Ժնեւում:
«Կենդանիներից մարդուն գրիպի նոր վիրուսի փոխանցման եւ համաճարակի հնարավոր առաջացման վտանգն իրական Է: Հարցն այն չԷ՝ կլինի, թե ոչ եւս մեկ համաճարակ, այլ այն, թե երբ դա կպատահի»,-հայտարարել Է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը: Նա կոչ Է արել՝ «զգոն ու պատրաստ լինել» գրիպի խոշոր բռնկմանը, ընդգծելով, որ դրա հետեւանքները կարող են անհամեմատ ավելի թանկ նստել մարդկության վրա, քան անհրաժեշտ կանխիչ միջոցառումների արժեքը:
Գրիպի դեմ պայքարի նոր ռազմավարությունը ԱՀԿ-ն բնութագրում Է որպես «առավել համընդգրկունն ու հեռու գնացողը բոլոր նրանցից, որոնք մշակվել են մինչ այժմ»: Ենթադրվում Է, մասնավորապես, պետությունների մակարդակով ուժեղացնել գրիպի տարածմանը դիմակայելու ներուժը, եւ այդ նպատակով կազմակերպությունը կոչ Է անում ընդունել համապատասխան ազգային ծրագրեր: Բացի այդ, ԱՀԿ-ն հանդես Է գալիս ախտորոշման, հսկողության եւ բուժման առավել կատարյալ գործիքների մշակման, առավել արդյունավետ պատվաստանյութերի ստեղծման օգտին՝ որպես նպատակ առաջադրելով գրիպի դեմ պայքարի նորագույն մեթոդներից ու միջոցներից բոլոր երկրների օգտվելու ապահովումը:
ԱՀԿ-ն հիշեցնում Է, որ, փորձագետների գնահատումների համաձայն, տարեկան մոտավորապես 1 մլրդ մարդ Է հիվանդանում գրիպով, ընդ որում՝ երեքից մինչեւ հինգ միլիոն հիվանդություններ ծանր ընթացք են ունենում: Մահվան ելքով դեպքերի թիվը կազմում Է տարեկան 290 հազարից մինչեւ 650 հազար: Որպես այդ հիվանդության դեմ պայքարի առավել արդյունավետ միջոց՝ ԱՀԿ-ն հանձնարարում Է պատվաստումը, ընդգծելով, որ դա առանձնապես անհրաժեշտ Է այն մարդկանց, որոնց կարող են սպառնալ բարդացումները, ինչպես նաեւ բժշկական աշխատողներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: