
Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) հավանություն Է տվել Գերմանիայի հետ համատեղ խորհրդարանական վեհաժողովի ստեղծմանը, որը կոչված Է բարելավել համագործակցությունը երկու երկրների միջեւ, այդ թվում՝ միջազգային հարցերի շուրջ: Ազգային ժողովի կայքում զետեղված հեռարձակման համաձայն, այդ որոշումը պաշտպանել Է պատգամավորների ճնշող մեծամասնությունը:
«Այսօրվա բանաձեւը նոր փուլ Է ներկայացնում ԳԴՀ-ի եւ Ֆրանսիայի միջեւ գործընկերության ուժեղացման ճանապարհին»,-հայտարարել Է Ֆրանսիայի ԱԳ նախարարության ղեկավարին առընթեր եվրոպական գործերի նախարար Նատալի Լուազոն՝ ելույթ ունենալով բանավեճերի փակմանը: Նրա խոսքով՝ այդ մարմինը պետք Է նպաստի Եվրամիության առջեւ ծառացած մարտահրավերներին Փարիզի եւ Բեռլինի առավել ուժեղ համատեղ պատասխանին: Խորհրդարանական վեհաժողովում կընդգրկվեն Ֆրանսիայի եւ Գերմանիայի խորհրդարանների 50-ական պատգամավոր, այն կգլխավորեն Ազգային ժողովի եւ Բունդեսթագի նախագահները: Նիստերը պլանավորվում Է անցկացնել առնվազն կես տարին մեկ՝ հաջորդաբար Ֆրանսիայում եւ Գերմանիայում: Առաջին անգամ այս քաղաքական մարմինը նիստ կգումարի մարտի 25-ին Փարիզում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: