Apple կորպորացիան, ինչպես սպասվում է, մարտի 25-ին կներկայացնի հոսքային հեռուստատեսության և նորությունների վերաբերյալ ծանուցման նոր ծառայություններ: Այդ մասին մարտի 11-ին հայտնել է The Verge ինտերնետ-պորտալը:
Ընկերությունը հայտարարել է, որ մարտի 25-ին մտադիր է անցկացնել շնորհանդես, իսկ թե ինչ է մտադիր նա ցուցադրել, պաշտոնապես չի ճշտվում: Հայտարարության մեջ միայն ասվում է, որ գալիս է «շոուի ժամանակը»: Միջոցառմանը հրավիրում են ԱՄՆ-ի մասնագիտացված առաջատար ԶԼՄ-ների լրագրողներին: The Verge-ի աղբյուրների տեղեկությունների համաձայն, ընկերությունը կներկայացնի հոսքային հեռուստատեսության ծառայություն: Այն, ինչպես սպասվում է, հասանելի կդառնա արդեն այս գարնանը: Բացի այդ, ինչպես նշում է պորտալը, Apple-ը, ամենայն հավանականությամբ, կներկայացնի թարմացված նորությունների ծառայությունը: Այն, մասնավորապես, թույլ կտա դյուրացված համակարգով ձևակերպել միանգամից մի ամբողջ շարք ԶԼՄ-ների, այդ թվում՝ թերթերի ու հանդեսների բաժանորդագրություն:
Հրապարակման մեջ արձանագրվում է, որ Apple-ը նաև կարող է ներկայացնել iPad պլանշետային համակարգիչների նոր մոդելներ և AirPods ականջակալներ: Apple-ի հասույթի մոտավորապես երկու երրորդը վերջին տարիներին բաժին է ընկնում iPhone սմարթֆոնների իրացմանը:
Ընկերության ներկայացուցիչներն ավելի վաղ քանիցս հայտարարել են այդ արտադրանքից կախվածությունը նվազեցնելու անհրաժեշտության մասին: Apple-ի ղեկավար Թիմ Քուկը, մասնավորապես, քանիցս նշել է, թե հույս ունի եկամուտներն ավելացնել տարբեր ծառայությունների հաշվին: