Նրան ստիպված են եղել հանել օդանավից։ Երիտասարդն իրեն ադեկվատ չէր պահում. իշխանության ներկայացուցիչների հասցեին հայհոյանքներ էր տեղում և պահանջում վերադարձնել տոմսի գումարը։
Հայ ուղևորը սկանդալ է սարքել Օրենբուրգ-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռում։ Այս մասին հայտնում է «Վեստի» հեռուստաալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել մարտի 11-ի օրվա երկրորդ կեսին Օրենբուրգի օդային տարածքում, անմիջապես Մոսկվայի չվերթի բոլոր ուղևորների` օդանավ բարձրանալուց հետո։
Տղամարդն, ամենայն հավանականությամբ, չարաշահել էր ոգելից խմիչքները։ Օրենբուրգի 37-ամյա բնակիչ հայը դիմադրություն է ցուցադրել օդանավակայան հրավիրված ոստիկանության աշխատակիցներին` իր գործողություններն ուղեկցելով վիրավորական արտահայտություններով։ Ոստիկաններից մեկը կարգազանցի հետ բանակցությունը տեսաձայնագրել էր։
«Ձեռքդ քաշի՛ր, ասում եմ։ Ոչ մի տեղ դուրս չեմ գա։ Փողերս տո՛ւր։ Ո՞վ եք դուք, որ ես դուրս գամ։ 18 հազար եմ վճարել, հե՛տ վերադարձրեք փողերս։ Փողերս տո՛ւր, դուրս կգամ»,- պահանջում էր նա։
Նա համաձայնել էր լքել օդանավը միայն այն բանից հետո, երբ նրան խոստացել են փոխհատուցել տոմսի արժեքը։
Հարբած ուղևորի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանության ներկայացուցիչներին հանրորեն վիրավորելու համար։