Քվանտային համակարգչի ստեղծումը Microsoft ընկերության աշխատանքի առավել հեռանկարային ուղղություններից մեկն է: Մարտի 12-ին այս մասին հայտարարել է կորպորացիայի գործադիր փոխնախագահ Ջեյսոն Զենդերը՝ Հյուսթոնում ելույթ ունենալով CERAWeek խորհրդաժողովում:
«Եթե խոսենք ամենաառաջավոր բաների մասին, ապա մենք քվանտային համակարգիչների մշակում ենք իրականացնում»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ապագայի որ տեխնոլոգիաներն Է համարում բազմախոստում: Ինչպես ընդգծել է նա, այդ ոլորտում տեխնոլոգիաներն «անհավանական ներուժ ունեն»: Զենդերի խոսքով, որի ելույթը հեռարձակվել է CERAWeek-ի կայքում, քվանտային համակարգիչներն ապագայում թույլ կտան «երկու րոպեում կատարել ալգորիթմներ», որոնց համար սովորական հաշվողական տեխնիկայով «կպահանջվեն հազարավոր տարիներ» և էներգիայի վիթխարի ծախսեր: 1975 թվականին ձեռնարկիչներ Բիլ Գեյթսի և Փոլ Ալենի կողմից հիմնված Microsoft-ը տարբեր սարքերի համար՝ անհատական համակարգիչներից մինչև շարժական հեռախոսներ, ծրագրային ապահովման արտադրության խոշորագույն կորպորացիաներից մեկն է: Microsoft-ի կենտրոնակայանը գտնվում է Ռեդմոնդում (Վաշինգտոնի նահանգ):