Հայաստանի Հանրապետությունում ջրանցքները շարունակում են լցվել աղբով, ինչը մաքրելու համար պետությունից լուրջ ծախսեր են պահանջվում: «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Միհրան Հովհաննիսյանը նշեց, որ ամեն տարի հարյուրավոր միլիոններ են ծախսվում ջրանցքները մաքրելու համար, որոնք լցված են կենցաղային, շինարարական աղբով, պլաստմասե բազմապիսի ու տարբեր չափերի տարաներով:
«Խոսքը թե Երևանով անցնող, թե հանրապետության այլ հատվածներով անցնող ջրանցքների մասին է: Դիմում եմ մեր քաղաքացիներին, ջրօգտագործողներին, հորդորում ենք ջրանցքները չդարձնել աղբավայր կամ աղբի հեռացման միջոց»,- ասաց Միհրան Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, բացի այն, որ աղբը տեղափոխելու, ջրանցքները մաքրելու համար լրացուցիչ գումարներ են ծախսվում, աղբը թափելով վնաս է պատճառվում շրջակա միջավայրին: