Հայաստանն ու Վրաստանը հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու պատմական հնարավորություն ունեն: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ուրախ եմ ձեզ և ձեր ղեկավարած պատվիրակությանը ողջունել Հայաստանում: Ես կարծում եմ, որ ներկայումս մեր երկրների հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու պատմական հնարավորություն ունենք: Որպես վարչապետ՝ ես իմ առաջին պաշտոնական այցը կատարել եմ Վրաստան: Դա ընդգծում է մեր կառավարության ու անձամբ իմ ուշադրությունը և կարևորության զգացումը հայ-վրացական հարաբերությունների նկատմամբ: Ես ընդգծել եմ, որ մենք պետք է մեր հարաբերություններում հենվենք ռազմավարական ընդհանուր շահերի վրա և ուրախ եմ, որ Վրաստանի կառավարության կողմից համարժեք արձագանքի եմ արժանացել: Եվ հիմա ժամանակն է այդ փոխադարձ ըմբռնումը կյանքի կոչել: »,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին համոզվածություն է հայտնել, որ հայ-վրացական առանց այդ էլ սերտ հարաբերությունները նոր փուլ կմտնեն: «Մեզ շատ բաներ են միավորում՝ աշխարհագրությունը, պատմությունը: Բացի պատմությունից և աշխարհագրությունից մեզ միավորում է ապագայի մասին մեր ընդհանուր տեսլականը: Կարծում եմ, որ մենք կկարողանանք օգտագործել մեր հնարավորությունները: Միասին շատ բան կարող ենք անել, շատ անելիքներ ունենք միասին»,- ասել է Վրաստանի նախագահը:
Հայաստանի վարչապետի և Վրաստանի նախագահի հանդիպումից հետո տեղի է ունեցել աշխատանքային ճաշ: