Օպերայի բակում «Ապերետիվո» սրճարանի ներկայացուցիչն ինքնակենսագրականներ է հավաքում շենքի հարակից տարածքների սրճարանների ապամոնտաժման հետևանքով գործազուրկ մնալու վտանգի տակ հայտնված աշխատակիցներից, այս մասին PanARMENIAN.Net – ի հետ զրույցում ասաց սրճարանի մենեջեր Էդիտա Տատարենկոն:
Ապամոնտաժվող սրճարանների աշխատակիցները, սակայն, ագրեսիվ վերաբերմունք են ցուցաբերել նրա նկատամամբ, ընդհուպ մինչև վիրավորական արտահայտություններ են հնչեցրել:
«Ո՞վ ես դու, որ Օպերայի կենտրոնում սեղան ես եկել-դրել, սարքած բան ա, ցիրկ ա, կապիկություն ա», – ասել են Օպերայի կանաչ տարածքների հաշվին կառուցված սրճարանների աշխատակիցները:
«Ապերետիվոյի» մենեջերը, մինչդեռ, հայտնեց, որ ներկա պահին սրճարանի բոլոր աշխատանքների համար ազատ հաստիք կա՝ մատուցող, մենեջեր, խոհարար, մաքրուհի և այլն:
«Բոլոր հաստիքների համար մի քանի հոգի է պետք», – ասել է մենեջերը՝ հավելելով, որ իրենք այս իրադարձություններից շատ ավելի վաղ են թափուր հաստիքների մրցույթ հայտարարել:
Մենեջերը հավելել է, որ այդ սրճարանների աշխատակիցները կարող են մոտենալ սրճարան կամ առցանց ուղարկել ինքնակենսագրականները: