Սիրո գեղեցիկ պատմություն, ուկրաինացի հերոսուհի և ռուսալեզու երգ. Արամեն նոր տեսահոլովակ կներկայացնի երկրպագուներին, որում նկարահանվելու համար Երևան է հրավիրել ուկրաինացի մոդել Չառա Խորիվին։ Tert.am Life–ը հետևել է տեսահոլովակի նկարահանումներին…
Երգի երաժշտությունը գրել է Մարտ Բաբայանը , խոսքերը` Կամետա Բերսանովան, գործիքավորումն արել են Մոսկվայում։ Արամեն հայտնեց, որ նոր երգը մեղեդային է, բայց ոչ տխուր։ Տեսահոլովակում էլ պահպանել են այս տրամադրությունն ու փորձել ներկայացնել, թե որքան մաքուր ու անկեղծ կարող է լինել սերը մարդկանց միջև, որոնք արդեն ապրում են իրար հետ։
«Ի սկզբանե խնդիր էինք դրել, որ չլինի ինտրիգ, կորուստ, կռիվ, բաժանում, հետո միացում։ Իհարկե, սյուժետային գծի համաձայն, կա փոքրիկ ինտրիգ, բայց դրա շուրջ շատ չենք ծավալվել։ Ուզում էինք ներկայացնել գեղեցիկ սիրո պատմություն»,– ասաց Արամեն։
Հայկական տեսահոլովակներում համբույրի տեսարաններ հաճախ չեն լինում, որովհետև հայ մոդելներից շատերը չեն համաձայնում։ Այս անգամ մոդելն Ուկրաինայից է, բայց Արամեի արձագանքը համբույրի տեսարանին կտրուկ է` իհարկե չի լինի, երգիչն է հայ:) Պարզվում է` երգչի համար սա սկզբունքային հարց է։
«Ես չեմ կարող ինձ նման բան թույլ տալ, որովհետև ապրում եմ այլ իրականության մեջ։ Ես ընտանիքի հայր եմ։ Այլ կանանց հետ համբույրներն ինձ համար արդեն արգելված են և ոչ հաճելի,– ասաց նա ու հիշեց, որ Անժելիկա Ագուրբաշի հետ զուգերգի տեսահոլովակի նկարահանման ժամանակ էլ ինքը կտրականապես հրաժարվել է նկարահանվել համբույրի տեսարանում։ –Երբ սցենարն ինձ ներկայացրին, մարմնովս դող անցավ, որովհետև վերջում ես ու Ագուրբաշը պետք է ցնցուղի տակ շատ կրքոտ համբուրվեինք ու բաց չթողնեինք իրար։ Ես միանշանակ հրաժարվեցի այդ տեսարանից և ասացի, որ տեսահոլովակում պետք է լինեմ հագնված, չոր ու առանց համբույրների։)»։
Երգչից հետաքրքրվեինք` այս սահմանափակումը կինը` Աննա՞ն է դրել, թե՞ ինքը։ Պարզվեց` ինքնակամ է եկել նման որոշման. «Եթե ես լինեի այդպիսի մարդ ու բացատրեի Աննային, որ տեսարանն անհրաժեշտ է, նա կհասկանար, բայց ես չեմ կարող ինձ նման բան թույլ տալ։ Դրա կարիքն էլ չունեմ։ Տեսահոլովակն առանց համբույրի էլ կարող է շատ գեղեցիկ լինել»։
Ամբողջությամբ՝ life.tert.am