Օրերս հայտնի դարձավ, որ փաստաբան Վահե Գրիգորյանը կրկին դիմել է նախագահ Արմեն Սարգսյանին, որպեսզի իր թեկնածությունը ևս դիտարկվի ՀՀ նախագահի կողմից Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու ԱԺ ներկայացնելիս։ Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանը մեկ անգամ արդեն դիմել էր և նախագահ Արմեն Սարգսյանի կողմից նրա թեկնածությունը ներկայացվել էր Ազգային Ժողովին, սակայն ԱԺ մեծամասնությունը դեմ էր քվեարկել Վահե Գրիգորյանին։
Զարմանալի է, որ Վահե Գրիգորյանը երկրորդ անգամ է դիմել նախագահ Սարգսյանին։ Հիշեցնենք, երբ Սերժ Սարգսյանը Արմեն Սարգսյանին առաջադրեց նախագահի պաշտոնում, փաստաբան Վահե Գրիգորյանն այդ առաջադրումը հակաօրինական որակեց՝ սոցցանցի իր էջում գրելով, որ Արմեն Սարգսյանի չի ներկայացրել Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու և վերջին վեց տարվա ընթացքում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու որևէ ապացույց:
Առաջին անգամ Արմեն Սարգսյանի կողմից ՍԴ անդամության թեկնածու ներկայացվելուց հետո Վահե Գրիգորյանը հայտարարել էր, որ վերահաստատում է իր կարծիքը Արմեն Սարգսյանի՝ իր բնորոշմամբ անօրինական առաջադրման մասով։
Վահե Գրիգորյանն ակնհայտորեն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում նախագահական ինսիտուտի նկատմամբ։ Նա երկրորդ անգամ է դիմում ՍԴ անդամության թեկնածու առաջադրվելու համար, երբ շարունակում է պնդել, որ Արմեն Սարգսյանը լեգիտիմ չէ։
Ակնհայտ է, որ Վահե Գրիգորյանը փորձում է ամեն կերպ ՍԴ անդամ դառնալ, բայց կարծում ենք, որ այս դեպքում նախագահ Արմեն Սարգսյանը պետք է հարգանք ցուցաբերի իր ներկայացրած ինսիտուտի նկատմամբ և չառաջադրի մարդու, ով պնդում է, որ նախագահը լեգիտիմ չէ։
Հ․Գ․ Իհարկե, տեսականորեն Վահե Գրիգորյանը երկար տարիներ ապրելով Լոնդոնում կարող էր տիրապետել որևէ տեղեկատվության, որի առկայության պարագայում նախագահ Արմեն Սարգսյանը պարտադրված կլիներ ամեն անգամ ընդառաջել նրա դիմումին, բայց սա քիչ հավանական սցենար է։