
Շախմատի Հայաստանի կանանց ընտրանու անդամ Լիլիթ Մկրտչյանը անհատական բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի թիմային առաջնությունում:
Աստանայում ավարտված աշխարհի թիմային առաջնություններում շնորհվեցին նաև անհատական մեդալներ: Հայաստանի ներկայացուցիչներից Լիլիթ Մկրտչյանը 2-րդ խաղատախտակի վրա ցույց տվեց 3-րդ արդյունքը և արժանացավ բրոնզե մեդալի:
Աստանայում ավարտվեցին շախմատի աշխարհի կանանց և տղամարդկանց թիմային առաջնությունները: Կանանց մրցաշարում հաղթող դարձավ Չինաստանի ընտրանին, որը հաղթանակ տոնեց բոլոր 9 մրցախաղերում, 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Ռուսաստանի հավաքականը, իսկ Վրաստանը եզրափակեց լավագույն եռյակը: Հայաստանի կանանց հավաքականը գրավեց 8-րդ հորիզոնականը:
Տղամարդկանց մրցաշարում չեմպիոն դարձավ Ռուսաստանը: Անգլիայի ընտրանին անսպասելիորեն զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը, իսկ առաջնությունը անհաջող մեկնարկած Չինաստանը վերջնամասում շտկեց իրավիճակը և արժանացավ բրոնզե մեդալների: