Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը արգելք է սահմանել երկրի օդային տարածությունում Boeing 737 MAX հանրանավերի թռիչքների վրա: Այդ մասին մարտի 15-ին հայտարարել է կազմակերպության հասարակայնության հետ կապերի գծով ղեկավար Ռըզա Ջաֆարզադեն:
«Քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը որոշում է ընդունել արգելել Boeing 737 MAX ինքնաթիռների թռիչքներն Իրանի օդային տարածքում»,- նրա խոսքը մեջբերել է Fars գործակալությունը: Ethiopian Airlines ընկերության Boeing 737 MAX ինքնաթիռը մարտի 10-ին կործանվել է Եթովպիայում, ինչի հետեւանքով զոհվել է 157 մարդ: Ավիաաղետից հետո Boeing 737 MAX ինքնաթիռների շահագործումը դադարեցնելու եւ իրենց տարածքների վրայով դրանց թռիչքներն արգելելու որոշումներ են ընդունել աշխարհի 50-ից ավելի երկրներ: